ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքում ռազմական գործողությունների իրականացումը իրավունք է տալիս ՀՀ-ին ձեռնարկելու համարժեք քայլեր՝ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար. ԱԳՆ

Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքում ռազմական գործողությունների իրականացումը իրավունք է տալիս ՀՀ-ին ձեռնարկելու համարժեք քայլեր՝ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար. ԱԳՆ

Մայիսի 25-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում Ադրբեջանի զորամիավորումների կողմից արձակված կրակահերթերից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը, հայտնում են ԱԳՆ-ից:

՛՛Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից ՄԱԿ անդամ պետության՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված բացահայտ զինված  ոտնձգությունը, ինչը միջազգային իրավունքի նորմերի խախտում է: 

Հակառակ միջազգային հանրության կոչերի՝ Ադրբեջանը հրաժարվում է դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից՝ էլ ավելի սրելով իրադրությունը և խաթարելով տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը: Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում ռազմական գործողությունների իրականացումը իրավունք է տալիս Հայաստանի Հանրապետությանը ձեռնարկելու անհրաժեշտ և համարժեք քայլեր՝ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, բնակչության անվտանգությունն ապահովելու համար: 

Հատկանշական է, որ Ադրբեջանը փորձում է քողարկել Հայաստանի տարածքում իր այս ապօրինի ռազմական գործողությունները կեղծ տեղեկատվության շրջանառմամբ: Հայկական կողմը պատրաստ է ներգրավել միջազգային հետաքննություն՝ տվյալ մահաբեր միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով՛՛,-ասված է հաղորդագրության մեջ: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ հակառակորդի կողմից արձակված կրակոցների հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող:

  • Կիսվել: