ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանի իշխանությունները չարաշահում են կորոնավիրուսի պանդեմիան. ԵԽԽՎ

Ադրբեջանի իշխանությունները չարաշահում են կորոնավիրուսի պանդեմիան. ԵԽԽՎ

Ադրբեջանի հարցերով ԵԽԽՎ համազեկուցողներից Ռոջեր Գեյլը զարմացած և ապշած է Ադրբեջանի կառավարության կողմից կորոնավիրուսի պանդեմիայի ամոթալի օգտագործմամբ: Այդ մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը։

«Ես զարմացած և ապշած եմ Ադրբեջանի կառավարության կողմից կորոնավիրուսի պանդեմիայի ամոթալի օգտագործմամբ, որպեսզի ևս մեկ արշավ սկսվի երկրի քաղաքական ընդդիմության դեմ։ Նախագահ Ալիևի կողմից կիրառվող լեզուն, որով նա երկրի օրինական քաղաքական ընդդիմությանը ներկայացնում է որպես դավաճան «հինգերորդ շարասյուն», ակնհայտ ոչ ժողովրդավարական է»,- նշել է Ռոջեր Գեյլը։

Ադրբեջանի հարցերով ԵԽԽՎ զեկուցողներ Սուննա Էվարսդոտիրը (Իսլանդիա), Ռոջեր Գեյլը (Մեծ Բրիտանիա) և Ստեֆան Շենակն (Ավստրիա) արձագանքել են Նովրուզի կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին, որի ժամանակ վերջինս առաջարկել էր երկրի ընդդիմությանը, կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի շրջանակներում, «մեկուսացվել»։ Այդ մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը։

Գեյլը նաև հավելել է, որ արտակարգ իրավիճակների ժամանակ քաղաքական բազմակարծության և ազատ կամարտահայտության պատասխանատու կիրառումը ամենակարևորն է, որպեսզի ապահովվի քաղաքականության և հանրության շրջանում տեղեկատվության ազատ տարածման ապահովումը։

Ի պատասխան հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ Թոֆիք Յաղուբլուի ձերբակալության, որը մեղադրվում է խուլիգանության համար, ևս մեկ զեկուցող՝ Սուննա Էվարսդոտիրը, հայտնել է.

«Այն ամենն, ինչ ես լսել եմ մինչ այս պահը, խոսում են այն մասին, որ պարոն Յաղուբլուի դեմ գործը շինծու է, և նա նորից դարձել է քաղբանտարկյալ։ Թերևս Ադրբեջանի կառավարությունը սկսել է քաղաքական կազմակերպված ճնշումների հերթական փուլը։ Սա ոչ մի լավ բան չի խոստանում Եվրոպայի Խորհրդում Ադրբեջանի հետագա ապագայի համար»,- հավելել է Էվարսդոտիրը։

  • Կիսվել: