հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանի գործողությունները միտված են ԼՂ ժողովրդին էթնիկ զտման ենթարկելուն. Միրզոյանը՝ Ճապոնիայի ԱԳ նախարարին

Ադրբեջանի գործողությունները միտված են ԼՂ ժողովրդին էթնիկ զտման ենթարկելուն. Միրզոյանը՝ Ճապոնիայի ԱԳ նախարարին

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ճապոնիայի ԱԳ նախարար Յոշիմասա Հայաշիի հետ:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանը ու կայունությանը վերաբերող հարցերի:

Նախարար Միրզոյանը ճապոնացի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի մանրամասները: Շեշտվել է, որ Ադրբեջանի գործողությունները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում են, և միտված են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտման ենթարկելուն:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային հանրության հստակ քայլերի անհրաժեշտությունը՝ ուղղված Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակմանը, ինչպես նաև՝ միջազգային համապատասխան կառույցների անարգել հումանիտար մուտքի ապահովմանը Լեռնային Ղարաբաղ:

Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Ընդգծվել է, որ Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները խաթարում են խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերը:

Քննարկվել են նաև հայ-ճապոնական երկկողմ, ինչպես նաև` բազմակողմ հարթակներում հաստատված համագործակցության հետագա ընդլայնմանն առնչվող հարցեր:

Նախարար Միրզոյանը կարևորել է Ճապոնիայի շարունակական աջակցությունը` ուղղված տարբեր բնագավառներում Հայաստանի կարողությունների ամրապնդմանը և ինստիտուցիոնալ զարգացմանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: