շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ադրբեջանի ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային անկայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը․ Փաշինյան

Ադրբեջանի ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային անկայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը․ Փաշինյան

Ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությունները, որոնք այսօր առավոտյան վերսկսել են, խստագույնս դատապարտելի են, այդ մասին քիչ առաջ կառավարության արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հայտարարեց նաև, որ այդ գործողությունների վերսկսմամբ Ադրբեջանի ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային անկայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը։

«Խիստ մտահոգիչ է տարածաշրջանային անկայունություն հրահրելու Թուրրքիայի գործելակերպը, որը լավագույնս արտացոլված է այդ երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարությամբ, որտեղ վերջինս անվերապահ աջակցություն է հայտնում Ադրբեջանի գործողություններին հակահայկական տրամաբանությամբ։ Այս ռազմական միջադեպը չի առաջացել վակուումում․ արդեն տևական ժամանակ է՝ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է խաղարկել հակահայկական քարտը իրենց հայտնի դրդապատճառներից ելնելով։

Հնարավոր է՝ գործ ունենք ներքին խնդիրները սահմանային իրավիճակի սրմամբ երկրորդ պլան մղելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործելաոճի հետ, որի համատեքստում աչքի է զարնում ակնհայտ քամահրական վերաբերմունքը մարդկային կյանքերի, այդ թվում՝ ադրբեջանցի զինվորների կյանքերի նկատմամբ, որը արտահայտվում է՝ նրանց ուղարկելով անհեռանկար գործողությունների։

Սրա մասին է վկայում նաև այն, որ Արդբեջանը չմիացավ համավարակի ժամանակ գլոբալ հրադադար հայտարարելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին։ Ստացվում է՝ որքան տարածվումէ համավարակը Ադրբեջանում, որքան սրվում է սոցիալ-տնտեսական իրավիճակը, այնքան սրվում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հակահայկական և ռազմատենչ հռետորաբանությունը», հայտարարեց ՀՀ վարչապետը։

Փաշինյանը վստահեցրեց, որ որևէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնում և կոչ արեց հայրենակիցներին անվերապահ աջակցություն հայտնել զինված ուժերին՝ զինվորներին, հրամանատարներին։ «Նրանք պետք է ունենան ամուր թիկունք, և մեզանից յուրաքանչյուրը այդ թիկունքի մի մասնիկն է։ Կոչ եմ անում վստահել բացառապես պաշտոնական աղբյուրներին՝ այս շրջանում մեր հասարակության տեղեկատվական դիմակայությունը հայոց բանակի և հաղթանակի կարևորագույն գրավականն է», -հավելեց վարչապետը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: