չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները նոր վտանգավոր նախադեպեր են ստեղծել ԵՄ-ի Արևելյան հարևանության տարածքում հակամարտությունների ուժային ճանապարհով լուծման համար․ Այվազյան

Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները նոր վտանգավոր նախադեպեր են ստեղծել ԵՄ-ի Արևելյան հարևանության տարածքում հակամարտությունների ուժային ճանապարհով լուծման համար․ Այվազյան

Դեկտեմբերի 17-ին Բրյուսելում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի երրորդ նիստը, որին մասնակցող հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը, իսկ ԵՄ պատվիրակությունը՝ ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Նիստին մասնակցող հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը, արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:

Խորհրդի նիստի օրակարգում ներառված էր Հայաստան-Եվրամիություն գործընկերության հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին քաղաքական և ոլորտային երկխոսությանը, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին, ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հեռանկարներին, Հայաստանի բարեփոխումների օրակարգին: Գործընկերության խորհրդին անդրադարձ կատարվեց նաև COVID-19 համավարակով պայմանավորված մարտահրավերների հասցեագրմանը և այդ ուղղությամբ ԵՄ կողմից Հայաստանի ջանքերին ցուցաբերվող աջակցությանը:

 

 

Կողմերը քննարկեցին նաև առևտրատնտեսական, էներգետիկ, կրթության և բնապահպանության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպմանը հայկական պատվիրակության անդամները ներկայացրին իրենց իրավասության ոլորտում ՀՀ-ԵՄ գործընկերության հիմնական զարգացումները:

Իր ողջույնի խոսքում նախարար Այվազյանը նշեց. «ՀՀ և ԵՄ և իր անդամ երկրների հետ արժեքահեն գործընկերության հետագա ամրապնդումը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Ցավալիորեն մեր ընդհանուր ժողովրդավարական արժեքներն առերեսվում են բազմաթիվ մարտահրավերների և, մասնավորապես, մեր տարածաշրջանում, որի կայունությունը և անվտանգությունն բացահայտ կերպով խաթարվել են վերջերս Արցախի բնիկ ժողովրդի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով»:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերությունների իրավական հիմք հանդիսացող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկման ընթացիկ փուլին՝ ԱԳ նախարարը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի կողմից արդեն իսկ մշակվել է նաև ՀԸԳՀ այն դրույթների ճանապարհային քարտեզի նախագիծը, որոնք շուտով կմտնեն ուժի մեջ:

Հանդիպմանը հատուկ անդրադարձ կատարվեց տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Նախարարը հանդիպման մասնակիցների ուշադրությանը ներկայացրեց Թուրքիայի անմիջական ներգրավվածությամբ և աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, այդ թվում՝ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ: ԱԳ նախարարը փաստեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները, որոնք ուղեկցվել են միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով և հետապնդել են արցախահայությանն իր բնօրրանից բնաջնջելու վերջնանպատակ, նոր վտանգավոր նախադեպեր են ստեղծել Եվրամիության Արևելյան հարևանության տարածքում հակամարտությունների ուժային ճանապարհով լուծման համար:

Այս համատեքստում նախարարը մտահոգություն հայտնեց նաև Թուրքիայի կողմից Սիրիայից և Լիբիայից հազարավոր օտարերկրյա զինված ահաբեկիչների Ադրբեջան և ԼՂ հակամարտության գոտի տեղափոխման առնչությամբ՝ դրանով իսկ վերածելով ԵՄ Արևելյան հարևանության մի հատվածը միջազգային ահաբեկչության օջախի:

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդծվեց ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը՝ այս համատեքստում կարևորելով դեռևս կյանքի չկոչված հիմնարար սկբունքների իրականացման անհրաժեշտությունը, մասնավորապես, ԼՂ կարգավիճակի որոշման գործընթացում։

  • Կիսվել: