չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ադրբեջանի ագրեսիան պետք է որակել որպես Հայաստանի ինքնիշխան տարածքի խախտում. Պիեռ Ուզուլյաս

Ադրբեջանի ագրեսիան պետք է որակել որպես Հայաստանի ինքնիշխան տարածքի խախտում. Պիեռ Ուզուլյաս

Ֆրանսիայի Սենատի անդամ Պիեռ Ուզուլյասը Հայաստանի օկուպացված տարածքներից Ադրբեջանի զինված ուժերի անհապաղ դուրսբերման, հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի կիրարկման ապահովման և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչով բանաձևի քննարկման ժամանակ հանդես է եկել ելույթով, որը սկսել է Արցախում սիրիացի վարձկանների և ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժման թեմաներով:

Նա ասել է, որ 2020 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Արցախի դեմ պատերազմում ադրբեջանական զինված ուժերի կազմում կռվել են սիրիացի և թուրք վարձկաններ:

՛՛Այսօր էլ ռուս-ուկրաինական պատերազմն Ադրբեջանին թույլ է տալիս օգտվել առիթից և առաջ տանել իր սահմանները: Նրանց նպատակը Նախիջևանի հետ անարգել կապ ունենալն է: Սա պանթուրքիստական ծրագրի իրականացումն է, որը ենթադրում է Ստամբուլից Բիշքեկ կապի հաստատում:

Ադրբեջանի ագրեսիան պետք է որակել որպես Հայաստանի ինքնիշխան տարածքի խախտում: Տհաճ է, որ Եվրահանձնաժողովի նախագահը մեկնել է Ադրբեջան՝ նավթի և գազի վերաբերյալ պայմանագիր կնքելու՝ Ալիևին անվանելով ՛՛վստահելի գործընկեր՛՛,-նշել է Ուզուլիասը:

Ֆրանսիայի Սենատի անդամը նաև կոչ է արել չմոռանալ եվրոպական արժեքները և սկզբունքները՝ չփոխարինելով դրանք գազով և նավթով:

՛՛Հայաստանը մեր վախկոտության և դավաճանության հայելին է: Մենք կառավարությանը կոչ ենք անում՝ օգտագործել մեր ողջ դիվանագիտական արսենալը և էմբարգո կիրառել Ադրբեջանից գնումների վերաբերյալ՛՛,-նշել է նա:

Սենատորը նաև ասել է, որ Եվրոպայի և աշխարհի այլ երկրների հետ համագործակցությամբ պետք է կանխվեն Թուրքիայի ծավալապաշտական ծրագրերը, ինչպես նաև Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ ագրեսիան: 

  • Կիսվել: