շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն պարզաբանել է, թե ինչու է դադարեցրել գազի մատակարարումը Արցախի բնակչությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն պարզաբանել է, թե ինչու է դադարեցրել գազի մատակարարումը Արցախի բնակչությանը

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան արձագանքել է Արցախի գազամատակարարման վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»։

«Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մի քանի օր առաջ փորձեց միջամտել Բաքվի ներքին գործերին՝ մեկնաբանելով միջազգային կազմակերպությունների մասնակցությունը Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած միջոցառմանը, իսկ հիմա նորից փորձում է դա անել այլ թեմայով», - ասել է Աբդուլաևան: Նա նշել է, որ Հայաստանը «ապակառուցողական պահվածք է ցուցաբերում, անհիմն պնդումներ անում»։

«Մենք Հայաստանին խորհուրդ ենք տալիս ապահովել եռակողմ հայտարարությունների վերաբերյալ իր պարտավորությունների կատարումը, այդ թվում՝ տարածաշրջանում տեղակայված զինված ուժերի մնացորդների դուրսբերումը և դրանով իսկ նպաստել տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը, և չանել անհիմն հայտարարություններ: Հայաստանի կողմից ոչ կառուցողական մոտեցման մշտական դրսևորումը, անհիմն պնդումներ անելը, բացահայտում են այս երկրի իրական մտադրությունները։ Խորհուրդ ենք տալիս Հայաստանին, անհիմն և անօրինական պահանջներ ներկայացնելու փոխարեն, զբաղվի եռակողմ հայտարարությունից բխող իրենց պարտավորությունների կատարմամբ՝ ապահովելով զինված ուժերի մնացորդների դուրսբերումը Ադրբեջանի տարածքից՝ դրանով իսկ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը»,- ասել է Աբդուլաևան:

Հիշեցնենք՝ մարտի 19-ին Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիան հրավիրվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարին հայտնել են, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանում ՄԱԿ-ի գրասենյակի ներգրավումը մարտի 18-ին Շուշի քաղաքում կազմակերպված միջոցառմանը, և այդ կապակցությամբ ներկայացվել է արտաքին գործերի նախարարության բողոքի հայտագիրը։

Երեկ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունների վերաբերյալ։ «Ադրբեջանական կողմի ակնհայտ միջամտությամբ Շուշի քաղաքի մոտակայքում՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում, կրկին խափանվել է Հայաստանից բնական գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ: Այսպիսով, ձյան աննախադեպ տեղումների և աննախադեպ ցրտաշունչ եղանակային պայմաններում Լեռնային Ղարաբաղի շուրջ 120 000 բնակչությունը զրկվել է կենսական անհրաժեշտ գազամատակարարումից», - ասված էր հայտարարությունում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: