ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն Փաշինյանի՝ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու մասին հայտարարությունը որակել է «անհեթեթ և անընդունելի»

Ադրբեջանի ԱԳՆ-ն Փաշինյանի՝ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու մասին հայտարարությունը որակել է «անհեթեթ և անընդունելի»

«Վճռականորեն հերքում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհեթեթ արտահայտությունները, որոնք արել է ապրիլի 27-ի իր ելույթում հայ-ադրբեջանական սահմանին հսկիչ անցակետի տեղադրման մասին»: Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության հետ, որը վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստում արված հայտարարությունը Լաչինի միջանցքի սկզբնամասում ադրբեջանական անցակետ տեղադրելու վերաբերյալ, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: 

«Հայկական կողմի ցանկացած միջամտություն սեփական տարածքում (ադրբեջանական-խմբ.) սահմանային անցակետի բացմանը, որը Ադրբեջանի ներքին գործն է, ոտնձգություն է Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ և հակասում է այն պարտավորություններին, որ ստանձնել է Հայաստանը Պրահայում և Սոչիում, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին: Հայկական կողմի այդպիսի հայտարարությունները ոչ միայն չեն նպաստում տարածաշրջանում խաղաղությանն ու հանդարտությանը, այլև դիտավորյալ կերպով ուղղված են լարվածության ավելացմանը»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Բացի այդ՝ նշվում է նաև, որ նախարարությունն «անընդունելի և անհեթեթ» է որակել Փաշինյանի այն հայտարարությունը, որ «սահմանային անցակետի ստեղծումը հետապնդում է «էթնիկ զտումներ»։

Այս առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է. «Գոյություն ունեն համապատասխան պայմաններ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանի տեղի հայ բնակիչների երկու ուղղություններով թափանցիկ, անվտանգ ու կանոնավոր երթևեկության համար»:

Հայտարարության մեջ նաև ասված է, որ ադրբեջանական կողմը երկխոսելու է «հայկական ծագում ունեցող իր բնակիչների հետ ադրբեջանական օրենսդրության շրջանակներում, իսկ երրորդ կողմերի միջամտությունն այդ հարցում անընդունելի է»:

  • Կիսվել: