երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ադրբեջանական կողմի առաջնային արձագանքը դրական տպավորություն թողեց. Միրզոյանը՝ ապաշրջափակման մասին

Ադրբեջանական կողմի առաջնային արձագանքը դրական տպավորություն թողեց. Միրզոյանը՝ ապաշրջափակման մասին

«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը ողջունվել է մի շարք երկրների և միջազգային գործընկերների կողմից: Այս մասին այսօր 2024 թ. աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Դրա կոմպոնետներից մեկը նաև Հայաստան-Ադրբեջան տրանսպորտային ուղիների ապաշրջափակումն է: Այս մասով ևս մենք կրկին առաջարկ ենք արել ադրբեջանական կողմին, առաջարկը հնչեցվել է վարչապետ Փաշինյանի կողմից Կազանում, այնուհետև փոխվարչապետ Գրիգորյանի կողմից հայկական կողմը ավելի համապարփակ և թղթին հանձնված տարբերակ է հանձնել Ադրբեջանին:

Կարող եմ ասել, որ առաջնային արձագանքն ադրբեջանական կողմի (համենայնդեպս, այդպիսին էր իմ ընկալումը), բավականին դրական էր: Ցավոք, մինչ այսօր պաշտոնական պատասխան այս մասին ևս չենք ստացել:

Պետք է ասեմ, որ առաջարկը, որ մենք արել ենք, հասցեագրում է գոյություն ունեցող բոլոր խնդիրները: Վերաբերում է, իհարկե, առաջին փուլում (սրա մասին է առաջարկը) Հայաստանի հարավով անցնող երկաթուղու՝ Երասխ-Նախիջևան-Մեղրի, այնուհետև՝ Ադրբեջան անցնող երկաթուղու ապաշրջափակմանը և բեռների տարանցմանը: Այստեղ մենք առաջարկել ենք ինչպես մաքսային, սահմանային հատման ընթացակարգերի որոշակի պարզեցում, այնպես էլ նույն բեռների հավելյալ ապահովության մեխանիզմներ:

Կրկնում եմ՝ առաջնային արձագանքն ադրբեջանական կողմի դրական տպավորություն թողեց, մնացածը կտեսնենք»:

  • Կիսվել: