ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Աբովյանի դիահերձարանի դեպքը համակարգային բնույթ չի կրում․ փոխնախարար

Աբովյանի դիահերձարանի դեպքը համակարգային բնույթ չի կրում․ փոխնախարար

ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, ԱԺ-ում պատգամավորների հարցերին ի պատասխան, անդրադարձավ Աբովյանի Դատաբժշկական, գիտագործնական կենտրոնի միջադեպին: Փոխնարարը նշեց, որ զինվորականների աճյունների հանդեպ վերաբերմունքի առնչությամբ արդարացում չի տեսնում, սակայն վստահեցնում է, որ դա մասնավոր դեպք է, այլ տեղերում նման պատկեր չկա:

«Դեպքի հետ կապված արդարացումներ չկան, ոչ ոք չի փորձում արդարացնել եղելությունը: Ես վստահ եմ, որ դա մասնավոր դեպք է և չի կրում համակարգային բնույթ: Քրեական գործ է հարուցվել այդ մասով, թող քննություն լինի, մեղավորներն իրենց արժանի պատիժը կրեն»,- ասաց նա: 

Փոխնախարարը տեղեկացրեց, որ լուսանկարները հրապարակվելու օրը նախարարությունը հրատապ կարգով բոլոր դիահերձարաններ մարդիկ է ուղարկել՝ օպերատիվ իրավիճակը գնահատելու: «Իրավիճակը գնահատվել է, և կարող եմ պատասխանատվությամբ ասել, որ նման պատկեր միայն այդտեղ է եղել, դա մասնավոր դեպք է եղել: Դեպքը եղել է տեխնիկական օբյեկտիվ պատճառների արդյունքում, բայց, բնականաբար, տեխնիկական խնդիրը չէր նշանակում, որ նման լուծում պետք է տրվեր այդ հարցին: Սառնարանի կահավորման խնդիր է եղել, ժամանակավոր տեղափոխություն են արել, և նման պատկեր ենք ունեցել, ինչն անթույլատրելի է: Մնացած տեղերի մասով, պատասխանատվությամբ ասում եմ, նման պատկեր չկա, նման խնդիր չի կարող լինել»,-ասաց Սիմոնյանը:

Հիշեցնենք՝ համացանցում լուսանկարներ էին հայտնվել, թե ինչպես են պատերազմում զոհված զինծառայողների դիերը Աբովյանի դիահերձարանում պահվել ոչ պատշաճ պայմաններում: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

  • Կիսվել: