հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԱԱԾ-ից ընդդիմադիր պատգամավորին հայտնել են հայ և ռուս սահմանապահ զորքերի միջև բանավոր համաձայնություն է տեղի ունեցել Գորիս-Կապան ճանապարհի անխափան երթևեկությունն ապահովելու համար

ԱԱԾ-ից ընդդիմադիր պատգամավորին հայտնել են հայ և ռուս սահմանապահ զորքերի միջև բանավոր համաձայնություն է տեղի ունեցել Գորիս-Կապան ճանապարհի անխափան երթևեկությունն ապահովելու համար

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը կառավարության դիմաց հրավիրված բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց, թե երկու ամիս շարունակ բարձրաձայնում է այն մասին, որ ադրբեջանցիները Սյունիքում շինարարական աշխատանքներ են իրականացնում։

«Հարց եմ բարձրացնում, թե ի՞նչ են նրանք կառուցում։ Հնարավո՞ր է, որ այդ կառուցածը մեզ համար անվտանգային խնդիրներ ստեղծի։ Միայն երեկ ԱԽՔ կոչվածը հայտարարում է, որ մաքսակետ է կառուցվել այնտեղ և դրան ի պատասխան իբր մենք էլ մեր մաքսակետն ենք կառուցել։ Ո՞ւմ համար ենք մենք այդ մաքասակետը կառուցել», - ասաց Աննա Գրիգորյանը։

Պատգամավորի խոսքով՝ տարբեր գերատեսչությունների հարցում է ուղարկել, և ԱԱԾ-ից իրեն պատասխանել են, որ հայկական և ռուսական սահմանապահ զորքերի միջև բանավոր համաձայնություն է տեղի ունեցել տվյալ ճանապարհի անխափան երթևեկությունն ապահովելու համար։

«Այսօր տեսնում ենք, որ այդ ճանապարհն ամենևին էլ անխափան չէ։ Կապան-Ճակատեն ճանապարհն էլ է վտանգի տակ», - ասաց Գրիգորյանը։

Պատգամավորը նշեց, թե այս ակցիայից հետո պատրաստվում է գնալ հենց այդ ճանապարհով՝ հասկանալու, թե ինչպես պետք է այդ ճանապարհով գնալ։

Բացի այդ, Գրիգորյանն ասաց, թե պատրաստվում են մտնել կառավարության շենք և պատասխան պահանջել, թե ինչ հիմքով են թույլ տվել հայկական տարածքում ադրբեջանական մաքսակետ տեղադրել։

  • Կիսվել: