ԱԱԾ-ից բացի հեռախոսազրույցների գաղտնալսման իրավունք կտրվի նաև Ոստիկանությանը
Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների Արմեն Խաչատրյանի ու Սիփան Փաշինյանի հեղինակած օրինագիծը, որով առաջարկվում է Ազգային անվտնագության ծառայությունից բացի հեռախոսազրույցների գաղտնալսման իրավունք տալ նաև Ոստիկանությանը։ Կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել օրինագծին։
Նախագիծը նախաձեռնած պատգամավորները Արդարադատության փոխնախարարի հետ չէին համաձայնվել՝ «Ուժային կառույցներում պետք է լինի հակակշիռների մեխանիզմ», և կոչ էին արել գործընկերներին այնուամենայնիվ կողմ քվեարկել օրինագծին, քանի որ Արդարադատության նախարարության կողմից մշակվող Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության ծրագրում համարժեք լուծումներ միրևնույն է՝ չկան։
Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 82 կողմ, 19 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Եթե նախագիծն ընդունվի նաև երկրորդ ընթերցմամբ, Ոստիկանությունը հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման ինքնուրույն կազմակերպման հնարավորություն կունենա, որը, հիշեցնենք, 2007 թվականից ի վեր վերապահված է բացառապես Ազգային անվտանգության ծառայությանը։