երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
5-րդ ալիքը դատարանում պարտվել է Խաչատուր Սուքիասյանին

5-րդ ալիքը դատարանում պարտվել է Խաչատուր Սուքիասյանին

2022 թվականի դեկտեմբեր ամսին «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր  Խաչատուր Սուքիասյանի։

«5-րդ ալիք»-ը Երևանի ընդհանուր իրավասության դատարան էր դիմել զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու և հրապարակային հերքելուն պարտավորեցնելու և ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարելու պահանջով։

Հիշեցնենք, որ հայցը ներկայացվել էր այն բանից հետո, երբ 2022 թվականի նոյեմբերի 7-ին Խաչատուր Սուքիասյանը ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ արձագանքելով «5-րդ ալիք»-ի լրագրողի հարցերին, հիշեցրել էր, որ հեռուստաընկերության սեփականատերը ապօրինի գույք ունի․

«Մենք ամեն ինչ ձեռք ենք բերել բիզնեսով։ Ուրեմն Ձեզ հարց եմ տալիս՝ Ձեր սեփականատերը, գող, ավազակ, կյանքում ոչ մի բան չի արել այս երկրի համար, ոչ մի բիզնեսի մեջ չի եղել, միլյարդավոր դոլարներ ունի։ Դուք իրավունք չունեք լրատվություն կոչվելու։ Դուք, Ձեր Ռոբերտ Քոչարյանի ու մնացածի հետ։ Գնացեք այդ միլիարդները բերեք», - հայտարարել էր պատգամավորը։

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մուրադ Հովակիմյանի, սույն թվականի հուլիսի 21-ին վճռել է «Շարկ» ՍՊԸ-ի (5-րդ ալիք)  հայցն ընդդեմ Խաչատուր Ալբերտի Սուքիասյանի՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու, հրապարակային հերքելուն պարտավորեցնելու և ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարելու պահանջների մասին մերժել:

  • Կիսվել: