երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նորմալ մրցակից եմ համարում Հայկ Մարությանին, դրական եմ գնահատում իր նախաձեռնությունը․ Մանե Թանդիլյան

Նորմալ մրցակից եմ համարում Հայկ Մարությանին, դրական եմ գնահատում իր նախաձեռնությունը․ Մանե Թանդիլյան

Դրական եմ գնահատում Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ընտրություններին մասնակցելու նախաձեռնությունը, ինչքան մասնակցությունը շատ լինի, այնքան երևանցիները ընտրության հնարավորություն կունենան, և այնքան մենք հնարավորություն կունենանք Երևանում իշխանափոխություն իրականացնել այլ ուժերի միջոցով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։

Նա նախկին քաղաքապետին նորմալ մրցակից է համարում։

Լրագրողների հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ ընտրություններն Ավինյան-Մարության տրամաբանության մեջ կանցկացվեն և դուք դուրս կմնաք ընտրապայքարից՝ Մանե Թանդիլյանն արձագանքեց, որ նման մտավախություն չունի։

Անդրադառնալով սոցցանցերում քննարկվող սցենարին, ըստ որի՝ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Հայկ Մարությանի մասնակցելու դեպքում չի կարողանա 50+ ձայն հավաքել և Մարությանը «Ապրելու երկրի» հետ ստիպված կմիավորվի՝ իշխանության հասնելու համար, Թանդիլյանը պատասխանեց. «Ոչ ոք ստիպված չէ համագործակցել ինչ-որ մեկի հետ: Դա արվում է կամովի և արդյունքների հետևանքով»:

Միևնույն ժամանակ չբացառեց, որ հետընտրական դաշինքներ կլինեն, սակայն մինչ այդ պետք է տեսնեն, թե ինչպես են երևանցիները քվեարկել։

  • Կիսվել: