շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
3,5 մլրդ դրամ՝ ՍԴ փոփոխությունների հանրաքվեի անցկացման ծախսերի համար

3,5 մլրդ դրամ՝ ՍԴ փոփոխությունների հանրաքվեի անցկացման ծախսերի համար

2020 թվականի ապրիլի 5-ին կայանալիք` Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին կհատկացվի 3 մլրդ 447 մլն դրամ։ Այս մասին որոշումն ընդուվեց գործադիրի այսօրվա նիստում։

Նախատեսած գումարից ՀՀ կենտրոնական ընտրական  հանձնաժողովին կհատկացվի 2 միլիարդ 553,049.0 հազար դրամ, ինչպես նաև 660 միլիոն դրամ՝ հանրաքվեի քվեարկության ժամանակ առնվազն 1.500 տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի  տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման գործընթացը ապահովելու նպատակով:

Ոստիկանությանը կտրամադրվի 234 միլիոն 317.6 հազար դրամ:

Վարչապետը նշեց՝ հնարավոր է, որ այս հարցում  շահարկումներ լինեն։ «Այդ ծախսվող գումարը ներհոսելու է տնտեսություն, քանի որ տնտեսական գործարքներ են ի վերջո տեղի ունենալու և ժողովրդի կամարտահայտությունը արտահայտելու համար, այո, պետք է  ծախսվեն գումարներ»,- ասաց վարչապետը։

Փաշինյանի խոսքով, ընտրությունների արդյունքում այդ գումարները վերջին հաշվով ներհոսելու են բյուջե։ Նա նշեց, որ նախորդ 1.5 տարում բյուջեի եկամուտերը ավելացել են 1.5 մլրդ դոլարով։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ քրեական գործերով բյուջե վերադարձվող գումարը շատ ավելին է, և այսպիսի ծախսերը ոչ թե ճոխություն են, այլ անհրաժեշտություն:

Կառավարության որոշմամբ՝ «ԷԿԵՆԳ» փակ բաժնետիրական ընկերությունը կապահովի հանրաքվեի քվեարկության ժամանակ տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հերարձակման գործընթացի նախապատրաստման և իրականացման ընթացքում «Յուքոմ» ՓԲԸ-ին մասնագիտական, կազմակերպչական աջակցության ցուցաբերում:

 

  • Կիսվել: