ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«3+3»-ի շրջանակում նպաստավոր պայմաններ են ստեղծվում Երեւանի եւ Բաքվի, Երեւանի եւ Անկարայի երկխոսության համար. ՌԴ ԱԳՆ

«3+3»-ի շրջանակում նպաստավոր պայմաններ են ստեղծվում Երեւանի եւ Բաքվի, Երեւանի եւ Անկարայի երկխոսության համար. ՌԴ ԱԳՆ

2021թ. դեկտեմբերին հիմնված «3+3» խորհրդակցական տարածաշրջանային պլատֆորմը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան՝ գումարած Ռուսաստան, Իրան, Թուրքիա) պահանջված եւ հեռանկարային մեխանիզմ է։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ընթանում  «երեք գումարած երեք» ձեւաչափով աշխատանքն Անդրկովկասում։ Պահպանվո՞ւմ է արդյոք տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հեռանկարը։

«Մեր պլանների մեջ է մտնում պլատֆորմի ակտիվ օգտագործումը Հարավային Կովկասի երկրների եւ նրանց հարեւանների փոխգործակցության զարգացման համար։ Այդ համագործակցության տրամաբանությունը ենթադրում է ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի հավաքական դիտարկում, այն հարցերի, որոնք չեն սրում քաղաքական հակասությունները եւ նպաստում են փոխադարձ վստահության ամրապնդմանը։ Մենք նախ եւ առաջ խոսում ենք տարածաշրջանային մարտահրավերների պատասխանների որոնման եւ ծագող խնդիրները հենց տեղի ուժերի կողմից լուծելու հարցերի մասին։ Այդ գործընթացին տարածաշրջանի բոլոր երկրների ներգրավումը նպաստավոր պայմաններ է ստեղծում երկխոսության համար, օրինակ, Երեւանի եւ Բաքվի, Երեւանի եւ Անկարայի միջեւ՝ առեւտրի, էներգետիկայի, արդյունաբերության, նորարարական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքի արդիականացման ոլորտներում փոխշահավետ նախագծերի իրականացման միջոցով։ Հարավային Կովկասի երկրների եւ նրանց հարեւանների միջեւ համագործակցության լրացուցիչ հնարավորությունները կապված են տարածաշրջանի տարանցիկ պոտենցիալի բացահայտման, նոր մարտահրավերների եւ սպառնալիքների դեմ պայքարում փոխգործակցության հետ»,- ասել է նա։

Ռուդենկոյի խոսքով՝ այս փուլում կատարվում է ձեւաչափի երկրորդ նիստի պատրաստման աշխատանք։ Հույս ունենք այն անցկացնել մինչեւ կիսամյակի վերջ. «Ինչ վերաբերում է տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակմանը, ապա դրանով զբաղվում է եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ։ Այս ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել։ Փորձում ենք արագ ընդունել կոնկրետ լուծումներ, ինչը թույլ կտա սկսել տարածաշրջանում կոնկրետ նախագծերի իրականացումը»։

  • Կիսվել: