ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
21-րդ դարում ինչո՞ւ մենք ունենք չասֆալտապատված փողոցներ, դա հուշում է, որ երևի ինչ-որ բան սխալ ենք արել. Փաշինյանը՝ արագածցիներին

21-րդ դարում ինչո՞ւ մենք ունենք չասֆալտապատված փողոցներ, դա հուշում է, որ երևի ինչ-որ բան սխալ ենք արել. Փաշինյանը՝ արագածցիներին

Նիկոլ Փաշինյանն այսօր իր թիմի ներկայացուցիչների հետ այցելել է Արմավիրի մարզի Արագած համայնք, որտեղ բնակիչների հետ խոսել է գյուղատնտեսական ու տնտեսական իրավիճակի մասին:

Խոսելով գյուղի ճանապարհի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «21-րդ դարում ինչո՞ւ մենք պետք է ունենանք փողոցներ, որոնք ասֆալտապատված կամ սալիկապատված չեն, սա մեզ ազդակ պետք է լինի, որ մենք երևի ինչ-որ բան այնուամենայնիվ սխալ ենք արել և մենք առաջինը պետք է մեր սխալներն ուղղենք»,-ասաց Փաշինյանը:

Նա խոսեց նաև հետպատերազմյան իրավիճակի մասին՝ նշելով, որ կարևոր ձեռքբերում է նկատել, համաձայն որի՝ նոյեմբերի 9-ից հետո քաղաքական տարբեր իրադարձություններ են տեղի ունեցել, սակայն ՀՀ-ում ոչ մի կրակոց չի հնչել, և դա քաղաքացու շնորհիվ է։

Իր ելույթում Փաշինյանը նաև ասաց,  որ պղնձով Հայաստանը կարող է խթանել տնտեսությունը, ըստ նրա՝ դա 21-րդ դարի «նավթն է», սակայն որպեսզի այդ ուղղությամբ տնտեսությունն աշխատի, ապա պետք է երկաթուղի, իսկ ՀՀ երկաթգծերն անցնում են Ադրբեջանի տարածքով. «Մեր երկաթուղիներն անցնում են Ադրբեջանից, մենք պետք հասկանանք, որ չի լինում այնպես, որ մենք իրենց տարածքով ճանապարհ ստանանք, իրենք մեր տարածքով՝ ոչ, և այստեղ մենք պետք է կայացնենք որոշումներ, որ մենք փոխադարձաբար այդ ճանապարհներից պետք է օգտվենք»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դրա համար պետք է ՀՀ-ն փոխի իր հայացքները, դիտանկյունները տարածաշրջանի նկատմամբ:

«Ես կարծում եմ, որ մեր հայացքը, մեր դիտանկյունը տարածաշրջանի նկատմամբ պետք է փոխենք, ես այդ բարդ նախադասությունը ասում եմ և այդ նախադասության շուրջ պետք է մտածենք: Այո, մենք տարածաշրջանում ունենք թշնամիներ, որքան մենք ենք համարում թշնամի, այդքան էլ մեզ են համարում թշնամի, էլի մենք ենք շատ համարում թշնամի, այդքան մեզ են ավելի շատ համարում թշնամի, ինչքան մեզ շատ են թշնամի համարում, այնքան մենք ավելի շատ ենք թշնամի համարում, մենք այս մասին պետք է մտածենք, մենք տարաշաշրջանում պետք է Հայաստանի շուրջ ստեղծենք որոշակի բարենպաստ միջավայր»,-ասաց Փաշինյանը:

Ըստ նրա՝ որպեսզի հնարավոր լինի Հայաստանի շուրջ բարենպաստ միջավայր ձևավորել, պետք է ՀՀ-ն կարողանա իր դիտանկյունը փոխել տարածաշրջանի նկատմամբ, տարածաշրջանն էլ ՀՀ-ի նկատմամբ:

  • Կիսվել: