կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
2022 թ. պետբյուջեի նախագծով ծախսերը կազմում են 2 տրիլիոն 184 միլիարդ դրամ. Տիգրան Խաչատրյան

2022 թ. պետբյուջեի նախագծով ծախսերը կազմում են 2 տրիլիոն 184 միլիարդ դրամ. Տիգրան Խաչատրյան

ԱԺ-ն քննարկում է 2022 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագիծը: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց նախագծի վերջնական տարբերակը:

«Լրամշակված նախագիծը «Պետական բյուջեի մասին» օրենքի հատվածում նախատեսում են 1 տրիլիոն 947.8 միլիարդ դրամ եկամուտներ: Բյուջեի ծախսերը կազմում են 2 տրիլիոն 184 միլիարդ դրամ, իսկ դեֆիցիտը՝ 236.2 միլիարդ դրամ:

Բացի նշված ծախսերից՝ 2022 թվականի պետական բյուջեի առաջնահերթությունների հավելվածում ներառված են 85 միլիարդ 556 միլիոն դրամ ընդհանուր արժեքով լրացուցիչ միջոցառումներ, որոնք կարող են իրականացվել, եթե բյուջեի եկամուտները գերազանցեն նախագծով սահմանված չափը, կամ նախատեսված ծախսային միջոցառումների մի մասն իրականացվի սահմանվածից որոշակի պակաս արժեքով»,- ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը ձևավորվել է բարդ ժամանակահատվածում: Դեռևս ամբողջովին հաղթահարված չեն 2020 թվականին արձանագրված 2 մարտահրավերների՝ կորոնավիրուսի և Արցախյան պատերազմի անվտանգային, սոցիալական, տնտեսական հետևանքները:

«Բայց Կառավարությանը հաջողվել է պահպանել մակրոտնտեսական կայունություն, ինչի շնորհիվ 2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվեց տնտեսության վերականգնման բավականին բարձր՝ 5 տոկոս չափով աճի տեմպ: Գնահատում ենք, որ տնտեսական աճի բարձր ցուցանիշը կպահպանվի մինչև տարեվերջ և հուսալի հիմք կդառնա 2022 թվականի համար ծրագրված տնտեսական աճի համար»,- ասաց Խաչատրյանը:

  • Կիսվել: