երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
2020-ի ֆանտաստիկ դիմակայությունից հետո ինչի՞ հիման վրա պետք է ասենք՝ մենք անհամաչափ զիջումների պետք է գնանք. Փաշինյան

2020-ի ֆանտաստիկ դիմակայությունից հետո ինչի՞ հիման վրա պետք է ասենք՝ մենք անհամաչափ զիջումների պետք է գնանք. Փաշինյան

Որ պատերազմ լինելու էր կամ դրա հավանականությունը մեծ է, բոլորը գիտեին, խնդիրը կոնկրետ օրվա, տեղի  մեջ էր եւ այն, թե որն է դրա կանխելու միջոցը: Այս մասին, այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առաջինը՝ դիվանագիտական ճկունություն, եւ այդ առումով շատ կարեւոր է 2007-2016 թվականների դիվանագիտական պատմությունը: Դա բերեց պատերազմի: Երկրորդը զիջումներն են, ի՞նչ կարգի զիջումների մասին է խոսքը: Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ 7 շրջաններից դուրս ենք գալիս, բայց սա բավարար չէ արդեն Ադրբեջանին:

Եթե այսպես վերլուծենք, իմ հասցեին կարող է հնչել լեգիտիմ մեղադրանք, որ այն հայտարարությունները, որ արեցին 2022 թվականին մամուլի ասուլիսին, անեիր 2019-ի մայիսին: Այո, այդ հայտարարությունները չանելը բերել է հետեւանքներ: Պրոբլեմն այն է, թե իսկ հայտարարություններ անելը ինչ հետեւանքների ու արդյունքների կբերեր: Ճշմարտությունը բանակցային բովանդակության մասին ասելն էլ գին ունի: Պատկերացրեք, 2018-ին վեր ես կենում ու ասում՝ ժողովուրդ ջան, սա է վիճակը, կամ էս ենք անում կամ պատերազմ է, ու մեր շանսերն այնքան էլ մեծ չեն: Դա էլ բանակին կոտրում է»,-ասաց նա:

Անդրադառնալով 2020-ի հունիսյան դեպքերին, վարչապետն ասաց. «Դա ինչ-որ առումով թեստ էր բանակի կողմից հնչեցված հավաստիացումների: Գնաց բախում եւ այնտեղ լավ իմաստով տարօրինակ բան տեղի ունեցավ: Մարտական պայմաններում ոչ մի զոհ չտվեց մեր բանակը: Դա աներեւակայելի բան է: Մենք 4-5 զոհ ունեցանք, բայց թիկունքում, մարտական դիրքերում զոհ չենք ունեցել: Սա բանակի ղեկավարությանը եւ ինձ տվեց վստահություն, որ բանակի բարեփոխումներում ճիշտ ճանապարհի վրա ենք:

Այսինքն մի կողմից մեզնից պահանջվում են անհամաչափ զիջումներ, երկրորդ կողմից, բանակն ասում է՝ դժվար կլինի, բայց մենք խնդիրը կլուծենք: Հետո տեղի է ունենում հուլիսյան մարտերը, որտեղ մեր բանակը ֆանտաստիկ դիմակայություն է ցույց տալիս, զոհ չի տալիս: Դրանից հետո ինչի՞ հիման վրա պետք է քաղաքական ղեկավարությունն ասի՝ ժողովուրդ ջան, մենք անհամաչափ զիջումների պետք է գնանք»,-ասաց Փաշինյանը։

  • Կիսվել: