շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
2018-ին Լևոն Տեր-Պետրոսյանն ինձ ասաց՝ հողերն արդեն պետք է տաս․ Փաշինյան

2018-ին Լևոն Տեր-Պետրոսյանն ինձ ասաց՝ հողերն արդեն պետք է տաս․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում պատասխանելով պատգամավոր Աննա Կոստանյանի հարցին՝ անդրադարձավ առաջին նախագահի հայտարարություններին։ Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին անվանել էր «ազգակործան պատուհաս»։

«Առաջին նախագահը Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ ունի իր պատկերացումը, որը մեզ հայտնի է 1997 թվականի հոդվածով։ Բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ 1996 թվականի նախագահական ընտրություններին առաջին նախագահը մասնակցել է «Հաղթանակ, կայունություն, առաջընթաց» տերմինաբանությամբ։ Եվ այդ նախաընտրական շրջանում ոչ մի խոսք չի եղել խաղաղության, լրջանալու պահի մասին։ Ես 2018 թվականի ամռանը առաջին նախագահի հետ հանդիպում եմ ունեցել։ Եվ ես ձեզ կարող եմ ասել, թե ինչ է ասել ինձ առաջին նախագահը մեր հանդիպման ժամանակ 2018 թվականի հուլիսին։ Ես հիմա գաղտնիք բացեմ, մեջբերում եմ․ «հողերը արդեն պետք է տաս», մեջբերման ավարտ։ Իսկ ինչի՞ դիմաց, ինչի՞ համար, ինչպե՞ս, առաջին նախագահի պատկերացումը այս շրջանակից դուրս չի եկել։ Մնացածն արդեն գնահատման հարց է»,- ասաց Փաշինյանը։

Ըստ նրա՝ նաև դա էր պատճառը որ ինքը դրանից հետո հայտարարեց, որ Ղարաբաղի բանակցային գործընթացում պետք է առաջնորդվի իր սեփական կետից, որովհետև հայկական կողմն իր բոլոր կարմիր գծերն անցել էր։ «Դուք ասում եք՝ հայանպաստ։ 7 շրջանների վերադարձ՝ առանց կարգավիճակային ճշգրտումների, դուք դա համարում եք հայանպաստ լուծո՞ւմ։ Ես չեմ համարել, ես որոշել եմ, որ պետք է պայքարել։ Եվ, այո, ես համարել եմ, որ եթե Ղարաբաղը լիարժեք չի մասնակցում բանակցային գործընթացին, դա ինչ-որ չափով երաշխիք է, որ մենք հարցի բովանդակություն է ուրիշ բանաձևի ներքո»,- ասաց Փաշինյանը։ 

  • Կիսվել: