հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
1991-ից ոչ մի վայրկյան Ադրբեջանը պատրաստ չի եղել զիջել. Փաշինյան

1991-ից ոչ մի վայրկյան Ադրբեջանը պատրաստ չի եղել զիջել. Փաշինյան

Նախընտրական խոստումներում նշվում էր «անջատում հանուն փրկության» թեզի մասին, իսկ բանակցություններում այս կառավարությունը որդեգրել էր «հանձնենք Արցախը, ստանանք կադաստրի վկայական, ապահովենք 29800-ը»: Այս մասին այսօր՝ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ նա հավելեց. «Զոհաբերեցիք Արցախը, ադրբեջանական ուժերը շարունակում են մնալ Ջերմուկում, Ներքին Հանդում եւ մնացած օկուպացված հատվածներում: Հետո էլ ասում էիք՝ խաղաղությունը շատ մոտ է, հիմա կգնանք, կկնքենք պայմանագիր, նաեւ ասում էիք՝ երեք սկզբունքների շուրջ ձեռք եք բերել համաձայնություն՝ տարածքային ամբողջականություն, սահմանազատման մասին սկզբունքներ եւ կոմունիկացիաների ապաշրջափակում: Բայց հիմա Ալիեւն ասում է՝ որտեղ կանգնել եմ, ընդհանրապես չեմ պատրաստվում դուրս գալ:

Դուք զիջում եք ամեն ինչ, Ալիեւը չի զիջում ոչինչ: Ցույց տվեք մի կետ, որտեղ պատրաստ եք մինչեւ վերջ կանգնել ու չզիջել, եւ ցույց տվեք մի կետ, որտեղ Ալիեւը պատրաստ է գնալ զիջման»:

Ի պատասխան՝ վարչապետն ասաց. «Ես պաշտոնական Բաքվից հնչող հայտարարություններին արձագանքել եմ ամբողջական, արձագանքեցի նաեւ այսօր այստեղ, դրան ավելացնելու բան չունեմ:

Աին, ինչ ասում եք՝ իրականությանը չի համապատասխանում: Ուրիշ բան, որ դուք ուզում եք, որ այդպես լինի, որովհետեւ այդպես լինելու հույսն է ապահովում ձեր քաղաքական գոյությունը, եթե դա կա որպես իրողություն:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, 1991-ից ոչ մի վայրկյան Ադրբեջանը պատրաստ չի եղել զիջել»:

  • Կիսվել: