երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
1929 թ․ Կապանի շրջանի 21 գյուղ նվիրաբերվել է, այսպես կոչված, «եղբայրական Ադրբեջանին»․ Փարսյան

1929 թ․ Կապանի շրջանի 21 գյուղ նվիրաբերվել է, այսպես կոչված, «եղբայրական Ադրբեջանին»․ Փարսյան

Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն առաջարկում է, որ եթե սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացվեն խորհրդային քարտեզներով, հիմք ընդունվեն 1929 թվականի քարտեզները։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում՝ ներկայացնելով պատճառաբանությունը. ՛՛Ինչո՞ւ, որովհետև 1929 թվականին՝ ԽՍՀՄ տարիներին, Կապանի շրջանի 21 գյուղ նվիրաբերվել են, այսպես կոչված, «եղբայրական» Ադրբեջանին։ Եվ հենց այդ օրվանից մեզ մոտ առաջացավ այն հիմնական խնդիրը, որը ներկա դրությամբ ունենք, օրինակ՝ օդանավակայանի անմիջական հարևանությամբ թշնամու առկայությունը, այս ճանապարհների խնդիրը։ Այդ ամբողջն առաջացավ հենց 1929 թվականին՝ 21 հայկական գյուղերը նվիրաբերելուց հետո։ Այսինքն՝ եթե առաջնորդվենք մինչև 1929 թվականի քարտեզներով, բավական տարածքներ պետք է անցնեն մեզ՛՛։

Քանի դեռ սահմանազատում ու սահմանագծում չի իրականացվել, ըստ նրա, պետք է ձեռնպահ մնալ որևէ տարածք ադրբեջանական որակելուց։ Վերջերս Սյունիքի համայնքապետերը հանդիպում էին ունեցել վարչապետի հետ։ ՛՛Ես պատահական չխոսեցի մինչև 1929 թվականի քարտեզների մասին, հենց այդ հարցն էլ շոշափվել է հանդիպման ժամանակ՛՛,-ասաց Փարսյանը։

Նա առաջնահերթ խնդիր է համարում անվտանգության հարցը՝ պայմանավորված այն բանով, որ թշնամին շատ մոտ է գտնվում Սյունիքի բնակավայրերին ու Կապան համայնքին։ ՛՛Դրա հետ կապված տարբեր խնդիրներ են առաջացել նաև ճանապարհների առումով, ամբողջովին փակվել են Մ2 և Մ17 ճանապարհները։ Մ17-ի փակվելու հետևանքով լուրջ խնդիրներ են առաջացել 6 գյուղական բնակավայրերում, և կարելի է ասել, որ մեր գյուղական բնակավայրերը գտնվում եմ կիսաշրջափակման մեջ՛՛,-ասաց Փարսյանը:

  • Կիսվել: