երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
18 տարեկան անմեղ երեխան, որը զենք բռնել չգիտի, չպետք է սահման պաշտպանի. Գագիկ Ծառուկյան

18 տարեկան անմեղ երեխան, որը զենք բռնել չգիտի, չպետք է սահման պաշտպանի. Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում հանդիպել է բնակիչների հետ, պատասխանել նրանց հարցերին ու ներկայացրել սոցիալ-տնտեսական բարեփոխումների իր տեսլականը։

Հանդիպման ընթացքում բնակիչները բարձրացրել են սոցիալական արդարությանը, զոհված զինծառայողների ընտանիքների աջակցությանը, պայմանագրային զինծառայողների վիճակին, բնակչության վարկային բեռին, ինչպես նաև գյուղատնտեսությանը, կրթությանն ու առողջապահությանը վերաբերող հարցեր։

Ծառուկյանը հայտարարել է, որ անհրաժեշտ է վերականգնել Գյուղատնտեսության նախարարությունը, կրճատել տուգանքներն ու տույժերը, իրականացնել համաներում, ինչպես նաև պայմաններ ստեղծել փոքր և միջին բիզնեսի զարգացման համար։ Նրա խոսքով՝ պետությունը պետք է «մարդկանց հնարավորություն տա աշխատելու և սեփական ընտանիքներն արժանապատիվ պահելու համար»

Քաղաքական գործիչը հանդես է եկել նաև մարզերում սպորտային ենթակառուցվածքների զարգացման, երիտասարդությանն աջակցելու և զբոսաշրջային խոշոր նախագծերի իրականացման օգտին՝ ներառյալ Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումն ու զբոսաշրջիկների ներգրավմանն ուղղված նոր օբյեկտների հիմնումը։

Առանձնահատուկ շեշտելով պետական պրոֆեսիոնալ կառավարման կարևորությունը՝ Ծառուկյանը հայտարարել է, որ երկրին պետք են փորձառու մարդիկ և իրական արդյունքներ, այլ ոչ թե պատահական նշանակումներ։

Հանդիպման ավարտին բնակիչները իրենց աջակցությունն են հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդին, ինչպես նաև բարձրացրել են անհետ կորածների ճակատագրին, սոցիալական պաշտպանությանը և սահմանամերձ շրջանների ապագային վերաբերող հարցեր։

  • Կիսվել: