հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
«168 ժամ»․ Ստանիսլավ Տարասովը վստահեցնում է՝ «Լավրովի պլան» երբեք չի եղել

«168 ժամ»․ Ստանիսլավ Տարասովը վստահեցնում է՝ «Լավրովի պլան» երբեք չի եղել

«Ռուսաստանը ԼՂ հակամարտության սառեցման կողմնակիցն է, այլ տարբերակներ չկան»,- այս մասին այսօր ասաց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հարցազրույց է տվել և հերթական անգամ մանրամասներ է ներկայացրել բանակցային գործընթացի մասին: Նա մասնավորապես ասել է, թե իբր հայկական կողմը բանակցություններին ներկայացրել է «Լավրովի պլանը», այսօր բանակցություններում քննարկվում են կոնկրետ կետեր, բանակցությունների օրակարգում ղարաբաղյան խնդրի կարգավորման փուլային տարբերակն է: Ադրբեջանի ԱԳ նախարարը նորից ասել է, թե վերջին բանակցությունները Բրատիսլավայում կոշտ էին, կողմերը ներկայացրել են իրենց «կարմիր գծերը», և, այդուամենայնիվ, Մամեդյարովի խոսքով՝ բանակցությունները պետք է շարունակել:

«Եթե նույնիսկ պատերազմ լինի, այն հավերժ չի տևելու, և պետք է լինելու այսպես թե այնպես շարունակել բանակցությունները»,- հայտարարել է նա: Ադրբեջանի արտգործնախարարը պնդում է, թե ՀՀ արտգործնախարարի հետ բանակցություններում քննարկում են կոնկրետ և իրական կետեր:

Տարասովը վստահեցնում է՝ «Լավրովի պլան» երբեք չի եղել: «Ադրբեջանական կողմն անընդհատ «Լավրովի պլան»-ից է խոսում, դա միջոցառումների մի համակարգ է, որը մշակված է համանախագահների կողմից: Պարզապես լինում են պահեր, երբ Ռուսաստանը սկսում է Մինսկի խմբի անունից ինչ-ինչ գործընթացներ առաջ մղել: Երբ Ադրբեջանը խոսում է Լավրովի պլանից, դրանով ցանկանում է ասել, որ Ղարաբաղյան կարգավորման ողջ նախաձեռնությունը Մոսկվայի ձեռքում է, որն իրականությանը չի համապատասխանում:
 
Բրատիսլավայի վերաբերյալ Լավրովը Բաքվում արտահայտեց «3 +2» բանաձևը՝ երկու նախարար և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախարարներ: Ինչպես երևում է՝ որոշակի տեքստ պետք է քննարկվեր Բրատիսլավայում, բայց հանդիպման արդյունքներով մենք որևէ նման բան չլսեցինք: Նրանք խոսեցին հումանիտար խնդիրներից, գերիներ, պատվիրակությունների փոխանակում, իհարկե, դրանք կարևոր են, բայց կարգավորման բազային հարցեր չեն քննարկվել, իսկ առանց բազային հարցերի՝ կարգավորում հնարավոր չէ:
 

Լավ, պատվիրակություններ գնացին-եկան, բայց եթե կա փախստականների հարց, կարգավիճակի և անվտանգության ապահովման հարցը, ապա դրանք հարցեր են, որոնք որոշվում են բազային սկզբունքների հիման վրա: Դրանք չեն բարձրաձայնվում: Ցավոք սրտի, կողմերը պայմանավորվել են չբարձրաձայնել: Լավ, երբ նախարարը Նալբանդյանն էր, դա հին գվարդիան էր, նրանք խաղում էին խաղեր, իսկ մենք սպասում էինք, որ Փաշինյանի թիմը՝ հեղափոխականներ, դեմոկրատներ, նրանք ասում են, որ հեղափոխություն են իրականացրել, կպատմեն՝ ինչ է կատարվում: Պատմեք, ումի՞ց եք Դուք վախենում՝ հայ ժողովրդի՞ց, պատմեք, թե ի՞նչ եք կոնկրետ խոսում 3-4-5 ժամ»,- ասաց Տարասովը:

 

Նա նշեց, որ ռուսական կողմը ևս ներքաշվում է այս ամենի մեջ և օգտագործվում է տեղեկատվական պատերազմի մեջ: «Մինչ այս պահը հերքել է, որ կա նման ծրագիր: Կան Մադրիդյան սկզբունքներ, կան աշխատանքային փաստաթղթեր, Մամեդյարովն ասում է, որ դրանք կան, իսկ հայկական կողմն ասում է՝ չկա. հարց է առաջանում՝ իսկ ինչի՞ց եք Դուք խոսում: Ո՞ւմ են գցում մոլորության մեջ»,- նշեց ռուս վերլուծաբանը՝ նկատելով, որ այս հարցն ավտոբուսի վաճառք կամ կոմերցիոն գործարքի կնքում չէ: «Դուք ժողովուրդների ճակատագիր եք որոշում: Վաղ թե ուշ դուք պետք է բարձրաձայնեք, եթե ինչ-որ բան քննարկում եք»,- ասաց Տարասովը»:

 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: