15 խորհրդատուն քի՞չ չէ. նայելով ձեր թիմի որակը, կարող է 150 խորհրդատու պետք լինել. ընդդիմադիրը հեգնեց ՔՊ–ին
Երևանի ավագանու` այս տարվա վերջին նիստի օրակարգի հարցերից մեկը Երևանի քաղաքապետի խորհրդականներին, խորհրդատուներին, օգնականներին, մամուլի քարտուղարին և այլ աշխատակիցներին առնչվող օրենքի նախագիծն է։
Համաձայն օրինագծի` Երևանի քաղաքապետը կունենա 7 խորհրդական, աշխատակազմի առանձին գործառույթների իրականացման 15 խորհրդատու, 5 տեղակալ, 4 օգնական և այլն։
«Ազգային առաջընթաց» խմբակցությունը հեգնանքով արձագանքեց նախագծին։
«Քի՞չ չէ 15 խորհրդատուն, գուցե 25 լինի»,– ասաց ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը։ Մեկ ուրիշն էլ տեղից մեկնաբանեց. «Կարող է 75 էլ լինել»։
Նախագծի զեկուցողը` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետի պաշտոնակատար Միլենա Այդինյանը, շեշտեց` քաղաքապետարանում շատ վարչություններ կան, և այդ քանակությամբ խորհրդատուներ ունենալը նորմալ է, միջազգային ստանդարտներին համապատասխան։
«Սա նորարար և արդի մոտեցում է, նեղ մասնագետներ են ներգրավվում աշխատանքներին։ Նրանք կետային աշխատանք կիրականացնեն ու համայնքի արդյունավետությունը կբարձրացնեն։ Ես անձամբ շատ եմ ուսումնասիրել ու համարում եմ, որ հաշվի առնելով մեր կատարած աշխատանքները` 15 խորհրդատուն շատ նորմալ թիվ է»,– նշեց Այդինյանը։
Երիցյանն արձագանքելով զեկուցողին` ասաց, որ հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի թիմի գիտելիքները, փորձառությունն ու մասնագիտական որակը, ապա 15 խորհրդատուն անգամ քիչ է, պետք է 150 խորհրդատու լինի։
«Մայր Հայաստան» խմբակցության ավագանի Սամվել Հակոբյանն էլ շեշտեց` քաղաքապետարանում աշխատողներն այնքան շատ են, որ բոլորը նորմալ աշխատեն, ապա Ավինյանը կարող է գործի չգնալ։ Նա նաև ընդգծեց, որ աշխատավարձերի չափերն էլ իր համար առնվազն տարակուսելի են` քաղաքապետի խորհրդականները ստանում են 629 000 դրամ, քաղաքապետի օգնականները` 544 000 դրամ, տեղակալները` 952 000 դրամ և այլն։
Տիգրան Ավինյանն էլ ընդգծեց` Երևանի քաղաքապետն օգնականներ ու խորհրդականներ ունի, ոչ թե անձամբ ինքը։
«Տիգրան Ավինյանը հետո խորհրդականներին ու օգնականներին հետը տուն չի տանելու։ Նրանցից յուրաքանչյուրը աշխատանքներ են կատարում»,– ասաց Երևանի քաղաքապետը։