հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
120 հազար մարդ սովի է մատնված. միջազգային հանրությունից սպասում ենք որևէ արձագանքի. Վարդանյանը՝ ԵԽԽՎ-ում

120 հազար մարդ սովի է մատնված. միջազգային հանրությունից սպասում ենք որևէ արձագանքի. Վարդանյանը՝ ԵԽԽՎ-ում

Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանն ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի նախագահի հռետորաբանության, Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների վրա:

Նա հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչները ևս պաշտպանված են կազմակերպության ներքո, բոլոր քաղաքացիները պետք է ունենան մարդու իրավունքների նույն երաշխիքները։

Իր ելույթում Վարդանյանը ցավով նշել է, որ որոշ անդամ երկրներ դեռ շարունակում են վարքագիծ, որն այս կազմակերպության արժեքներին չի համապատասխանում։

Վարդանյանը մեջբերել է Ադրբեջանի նախագահ Ալիևի խոսքերն այն մասին, որ եթե ՛՛հայկական կողմը չի ուզում նրանց պայմաններով խաղաղության պայմանագիր, ապա իրենց սահմանները կլինեն այնտեղ, որտեղ մենք կուզենք՛՛։

Մեկնաբանելով Ալիևի խոսքերը՝ նա նշել է. ՛՛Կներեք, բայց սա Եվրոպայի խորհրդի հռետորաբանություն չէ, սա Եվրոպայի խորհրդի շրջանակում ստանձնած պարտավորություն չի կարելի համարել։ Հենց այս պահին, երբ մենք այստեղ հարմարավետ քննարկում ենք մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը, 120 հազար մարդ, որոնք պաշտպանված են այս կազմակերպության, այս վեհաժողովի, Մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողովի ներքո, սովի են մատնվում։ Եվ մենք միջազգային հանրությունից սպասում ենք որևէ արձագանքի՛՛։

Ըստ Վարդանյանի՝ կազմակերպությունը պետք է ունենա նույն ստանդարտները բոլոր երկրների նկատմամբ, քանի որ բոլոր քաղաքացիները, որոնք պաշտպանված են եվրոպական կոնվենցիայով, պետք է ունենան մարդու իրավունքների նույն երաշխիքները և պետք է օգտվեն ժողովրդավարության արժեքներից:

  • Կիսվել: