երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
1 բալ տուգանք՝ ղեկին ծխելու համար. փոխոստիկանապետը ներկայացրեց վարորդների համար նախատեսվող նոր փոփոխությունները

1 բալ տուգանք՝ ղեկին ծխելու համար. փոխոստիկանապետը ներկայացրեց վարորդների համար նախատեսվող նոր փոփոխությունները

ԱԺ-ում ներկայացրեց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։

«Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներից և տաքսիներից զատ, 1 տուգանային միավոր կկիրառվի նաև անձնական տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ընթացքի ժամանակ ծխելու համար»,-ասաց Ֆիդանյանը:

Այսպիսով` սահմանվում է, որ վարորդի կողմից ընթացքի ժամանակ ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելը կառաջացնի տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով, եւ տուգանային միավորի կիրառում` 1 միավոր:

Նախագծով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.1-րդ(Տրանսպորտային միջոցների վրա լուսային և ձայնային` ներառյալ հատուկ սարքավորումներ տեղադրելու կանոնները խախտելը), 123.5-րդ ( Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշի օգտագործման կանոնները խախտելը), 124-րդ (Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը) եւ 124.4-րդ (Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սահմանված արագությունը գերազանցելը) հոդվածների համապատասխան մասերի սակցիաներում լրացնել նաեւ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից այդ արարքները կատարելու համար պատասխանատվությունը վրա հասնելու մասին պահանջ, այսինքն՝ այն խախտումների համար, որոնք որպես վարչական տույժ առաջ են բերում վարելու իրավունքից զրկում, դրանց կատարման դեպքում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձը կկրի տուգանքի ձեւով վարչական պատասխանատվություն:

Անհրաժեշտություն է առաջացել Օրենսգրքի 123.5-րդ հոդվածում նախատեսել այնպիսի կարգավորումներ, որոնք կզսպեն զույգ հաշվառման համարանիշեր ունեցող տրանսպորտային միջոցը մեկ հաշվառման համարանիշով վարելու վարորդների գայթակղությունը՝ երաշխավորելով վարչական տույժի նպատակի իրագործումը: Մասնավորապես, նախագծով Օրենսգրքի 123.5-րդ հոդվածը լրացվում է նոր 17-րդ մասով, որով նախատեսվում է պատասխանատվություն նույն հոդվածի 16-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու համար՝ սահմանելով առավել խիստ պատասխանատվության միջոցներ՝ վարելու իրավունքից զրկման ձեւով:

  • Կիսվել: