կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Մեր նպատակն է նվազեցնել ծխախոտի սպառումը. Լենա Նանուշյան

Մեր նպատակն է նվազեցնել ծխախոտի սպառումը. Լենա Նանուշյան

Կայացել է միջգերատեսչական աշխատաժողով՝ ԱՀԿ Հայաստանի գրասենյակի և ԱՀԿ Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի (ԾՊՇԿ) քարտուղարության փորձագետների մասնակցությամբ։
 
Միջոցառմանը ներկա է եղել առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ԱՀԿ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ոլորտի ազգային համակարգողներ, շահագրգիռ մարմինների և ակադեմիական կառույցների ներկայացուցիչներ և առողջապահության մասնագետներ։
 
«Մենք կարևորում ենք նման միջոցառումները, որոնք ուղղված են ծխախոտի սպառման նվազեցմանը, միջազգային չափանիշներին համապատասխան հակածխախոտային քաղաքականություն ներդնելու մեխանիզմները: Հայաստանում իրականացվող գործիքակազմերն ու քայլերը միտված են նվազեցնելու ծխախոտի սպառումը բոլոր տարիքային խմբերում, հատկապես երիտասարդների շրջանում, պաշտպանելու բնակչությանը երկրորդային ծխի ազդեցության վնասներից, աջակցելու ծխելը թողնել ցանկացողներին և զսպելու ծխախոտային արդյունաբերության ազդեցությունը առողջապահական քաղաքականության վրա. սրանք մեր նպատակներն են»,- ողջունելով հյուրերին` նշել է Լենա Նանուշյանը։
 
Աշխատաժողովը նպատակ ունի վեր հանել ոլորտի խնդիրները, քննարկել Ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիային անդամ երկրներում իրականացվող միջոցառումները և ապահովել միջազգային փորձի փոխանակում։
 
Միաժամանակ, քննարկվել են ոլորտին վերաբերող հիմնական ուղղություններն ու ռազմավարական մոտեցումները, մասնավորապես` հարկային քաղաքականությունը, ծխախոտի դեմ ապօրինի շրջանառության դեմ պայքարը, առողջապահական քաղաքականությանը դեմ միջամտությունների կանխարգելման քայլերը:

  • Կիսվել: