երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Շակիրան ու Պիկեն պատրաստվում են երեխաների խնամակալության հարցը լուծել դատարանում

Շակիրան ու Պիկեն պատրաստվում են երեխաների խնամակալության հարցը լուծել դատարանում

«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ժերար Պիկեն և երգչուհի Շակիրան պատրաստվում են դատարանում պայքարել միմյանց դեմ իրենց ընդհանուր երեխաների խնամակալության համար։ Այս մասին հայտնում է Marca-ն՝ իր աղբյուրին հղումով։

Պիկեից բաժանվելուց հետո կոլումբիացի երգչուհին ցանկանում է որդիներին տանել Մայամի, որտեղ ապրում են իր եղբայրները, սակայն ֆուտբոլիստը մտադիր է կանխել դա։

Հաղորդվում է, որ երգչուհին ու ֆուտբոլիստը հանդիպել են, որպեսզի քննարկեն երեխաների խնամակալության հարցը։ Պիկեն համաձայն չէ Շակիրայի՝ երեխաներին Միացյալ Նահանգներ տանելու մտադրության հետ։ Նրա դիրքորոշումը զայրացրել է երգչուհուն, և վերջինս սպառնացել է բացահայտել նախկին զուգընկերոջ գաղտնիքները։

«Շակիրան պատրաստ է ամեն ինչի։ Նա սովոր էր Պիկեի սիրախաղերին, սակայն երբեք չէր մտածում, որ նա կդավաճանի իրենց ծանոթության առաջին իսկ տարուց։ Նա ստիպված կլինի օգտագործել իր հաղթաթուղը։ Սա է պատճառը, որ այժմ նա ունի մարդիկ, որոնք տեղեկություններ են փնտրում և մանրամասն հաշվետվություն են կազմում Պիկեի և վերջինիս պահվածքի մասին», – հայտնել է պարբերականի աղբյուրը։

Հիշեցնենք, որ 45-ամյա Շակիրան և «Բարսելոնայի» 35-ամյա պաշտպան Ժերար Պիկեն իրենց բաժանման մասին հայտնել են նախորդ ամիս։ Զույգը միասին էր 2011 թվականից և ունի երկու երեխա՝ 10-ամյա Միլանն ու 8-ամյա Սաշան։

  • Կիսվել: