երեքշաբթի, հունիս 2
2 / 6 / 2020
Մաշա Մնջոյանը կմասնակցի ավստրալական «Ձայնը» մրցույթին

Մաշա Մնջոյանը կմասնակցի ավստրալական «Ձայնը» մրցույթին

«Ձայնը» նախագծի հայկական տարբերակի հաղթող Մաշա Մնջոյանը սովորում է Ավստրալիայում եւ պատրաստվում է այնտեղ մասնակցել համանման վոկալային մրցույթին։ Ավստրալական «Ձայնի» իններորդ եթերաշրջանը կսկսվի մայիսի 24-ին:

The Sidney Morning Herald-ին տված հարցազրույցում նա պատմել է, որ Ավստրալիայում առաջին անգամ եղել է 2014թ.-ին։ «Ես այստեղ սիրել եմ ամեն ինչ՝ քաղաքներ, իմ համայնքը, ավստրալացիներին»,- նշում է նա։ Հետո նա բազմաթիվ անգամներ Ավստրալիա է մեկնել համերգներով եւ մի օր որոշել, որ պետք է վերադառնա այնտեղ։

Մաշա Մնջոյանը պատմել է, թե ինչպես է սկսել երգել, այն մասին, թե ինչն է իրեն ոգեշնչում եւ ի վերջո, ինչ է նշանակում 17 տարեկանում դառնալ հայկական «Ձայնը» նախագծի հաղթող։ «Ես սարսափելի անհանգստանում էի. անհանգստանում էի՝ արդյոք ժյուրիին դուր կգա իմ ձայնը, արտաքին տեսքը, իմ անգլերենը… Կարճ ասած՝ ես անհանգստանում էի ամեն ինչի առիթով։ Իսկ հետո որոշեցի բեմ դուրս գալ եւ հաճույք ստանալ ամենից, ինչ անում եմ…»,- ասում է Մաշան։

Թղթակցի հարցին, թե ինչ կցանկանար Մաշա Մնջոյանն ավստրալացիներին պատմել իր երկրի մասին, նա պատասխանել է. «Իմ երկիրն աշխարհի ամենահներից մեկն է։ Եվ դա հիասքանչ զգացողություն է։ Գիտեք՝ ինչն է հետաքրքիր։ Բոլորը հստակորեն նվազագույնը մի հայուհու ճանաչում են՝ Քիմ Քարդաշյանին, եւ այստեղ իմ աշխատանքը հեշտանում է. մարդիկ արդեն իսկ գիտեն Հայաստանի մասին, եւ ինձ համար ավելի հեշտ է պատմել երկրի մասին, երգել մեր երգերը, որոնցում մեր պատմությունն է՝ ամբողջ տխրությունն ու ողբերգությունը…»,- նշում է Մաշան:

  • Կիսվել: