չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մաքառեց, պայքարեց, մաքրվեց ու համբարձվեց. ընկերները՝ Հայկոյի մասին

Մաքառեց, պայքարեց, մաքրվեց ու համբարձվեց. ընկերները՝ Հայկոյի մասին

ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյի մահվան լուրը լսելուն պես ընկերներն ու գործընկերները համացանցում բազմաթիվ գրառումներ են արել՝ հանրության հետ կիսելով իրենց կորստի ցավը:

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը  գրել է.

 
 

«Մաքառեց, պայքարեց, մաքրվեց ու համբարձվեց: Մի կերպ ինձ հավաքեցի, որ գրեմ... Հավերժ պայքարեց անորակ երաժշտության դեմ՝ ստեղծելով մեղեդի, որակ, հուզելով, անկեղծանալով իր երգով, հոգին մեզ բացելով:

Մաքրամաքուր գնաց, իր խղճի ու տեսակի առաջ մաքուր... Որակով մնաց, ընկեր ու անդավաճան հայ մնաց ու անմահացավ իր հնչյունով...

Մենք՝ աղքատացանք, իսկ ինքն ուղղակի գնաց վերև, սիրո ճամփով դեպի վերև:

Հայկո ջան, ընկեր ջան, ախպեր ջան… Ինչի՞ էիր այդքան շտապում:

Խաղաղ մնա, Հայկո ջան: Կարոտներով թողեցիր...»:

«Հայկ ջան: Լուսավոր, բարի ու տաղանդաշատ մարդ: Պակասդ չի լրացվի: Հավերժ լույսերի մեջ մնաս»,-գրել է երգիչ Արամ MP3-ը:

Երգչուհի Սիրուշոն, ով երկար տարիներ համագործակցել է Հայկոյի հետ, «Ինստագրամի» «Սթորի» բաժնում հրապարակել է իր և երգչի լուսանկարը և գրել՝ «Եղբայր կորցրի, տաղանդ կորցրինք»:

Գրառում է արել նաև Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Բոլոր հնարավոր զենքերով կռվեցինք ու պայքարեցինք չարաբաստիկ քովիդի դեմ, սակայն նենգ հիվանդությունը հաղթեց մեզ․․

Ցավակցում եմ հարազատներին, ընկերներին և մեզ՝ տաղանդավոր մարդ կորցրեցինք»,- ընդգծել է նա:

«Վախ Հայկ ջան, խոստացել էիր իմ Լիլոյի համար երգ գործիքավորել, ընկա հավերժ գործերով ու էդպես էլ չկարողացա կենտրոնանալ, թե ինչ գրեմ։ Կարևորն էդ անտեր գործերը չեն, կարևորը մարդիկ են։ Առանց քեզ բոլորիս հոգիներում դատարկություն է, բայց երգերդ էդ դատարկությունը լցնում են բերնեբերան։ Հանգչիր խաղաղությամբ՝ բոլորիս միշտ խաղաղություն բերած մեր լուսավոր հպարտություն»,- գրել է երգահան, դրամատուրգ և սցենարիստ Քրիստ Մանարյանը:

Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը ևս գրառում է կատարել:

«Ապրեք ձեր կյանքն, ինչպես ապրում էր Հայկոն, սեր ու բարություն տվեք ձեր շրջապատին, ինչպես ինքն էր տալիս: Հայկ ջան, իմ լավ ընկեր... կհանդիպենք մի օր... լույս դառնա հոգիդ»,- գրել է նա:

Ստամբուլահայ երգչուհի Սիբիլը նույնպես իր ցավն ու ափսոսանքն է արտահայտել՝ գրելով.

«Մեծ, շատ մեծ կորուստ: Հայկո ջան, մեր բոլորի սիրելի երգիչ, խոսքեր չգտա ասելու: Շատ-շատ ափսոս: Երկնքի ամենափայլուն աստղերից դարձար: Լույսերի մեջ ննջես»:

Նշենք, որ ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն կյանքից հեռացել է այսօր՝ սեպտեմբերի 29-ին, օրեր շարունակ հիվանդանոցում կորոնավիրուսի դեմ պայքարելուց հետո:

  • Կիսվել: