ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«iPhone-ին կփոխարինի» նարկոբարոնի եղբոր ստեղծած սմարթֆոնը

«iPhone-ին կփոխարինի» նարկոբարոնի եղբոր ստեղծած սմարթֆոնը

Նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբայրը ստեղծել է Escobar Fold 1 սմարթֆոնը, որն իր կարծիքով «փոխարինելու է iPhone-ին», տեղեկացնում է FoxNews-ը։

Medellín նարկոկարտելի նախկին հաշվապահ Ռոբերտո Էսկոբարը վստահեցնում է, որ ինքը կհաղթի Apple-ին։ Escobar Fold 1-ը վաճառվում է 349 դոլարով։ Դա ծալվող սմարթֆոն է, որը հեշտությամբ վերածվում է պլանշետի։

«Իմ հեռախոսը չի կարող կոտրվել, քանի որ դրա էկրանն ապակուց չէ, ինչպես Samsung-ինը»,- ասել է Էսկոբարը Digital Trends-ին տված հարցազրույցում։ «Մեր էկրանը պատրաստված է հատուկ տեսակի պլաստիկից, որը շատ դժվար է կոտրել»,-հավաստիացրել է նա:  

Escobar Inc․ կայքում տեղադրված գովազդային տեսահոլովակներից մեկում ինչ-որ մեկի ձայնը դիմում է Apple-ի հանգուցյալ համահիմնադիր Սթիվ Ջոբսին․ «Խնձորային տղա Սթիվը մի անգամ այցելեց տիեզերք։ Նա տեսավ Պաբլո Էսկոբարին մի հեռախոսով, որի մասին ոչ ոք չէր էլ երազել»։

Ռոբերտոն վաճառքների խթանման համար օգտագործում է մի քանի կիսամերկ կանանց, որոնք տեսահոլովակում եւ կայքում զետեղված պատկերներում ներկայանում են որպես «Էսկոբարի աղջիկներ»։

Ըստ Էսկոբարի՝ իր հեռախոսն ունի «անվտանգության հատուկ գործառույթներ»։ Բացի այդ՝ բոլոր հեռախոսների հետ տրվող պատյանն ունի մետաղի բարակ շերտ, որն արգելափակում է ռադիոհաճախականությունների միջոցով նույնականացումը։

Escobar Fold 1-ը թողարկվում է երկու տարբերակով՝ 128 ԳԲ եւ 512 ԳԲ, եւ վաճառվում է համապատասխանաբար 349 եւ 499 դոլարով։ 

  • Կիսվել: