երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ֆրանսահայ 14-ամյա երգչուհու կատարումը հուզել է ֆրանսիական The Voice Kids-ի ժյուրիին (տեսանյութ)

Ֆրանսահայ 14-ամյա երգչուհու կատարումը հուզել է ֆրանսիական The Voice Kids-ի ժյուրիին (տեսանյութ)

Ֆրանսիական «The Voice Kids» երաժշտական մրցույթի հուլիսի 25-ի եթերը լի էր հայկական տարրերով։ Հաղորդաշարի կույր լսումների ժամանակ ֆրանսահայ 14-ամյա երգչուհի Մադլենը կատարեց Ջոն Լենոնի «Imagine» երգը: Այս մասին գրում է Bravo.am-ը:

Նա նշեց, որ Լենոնի հայտնի կատարումը ներկայացնում է մի փոքր անսովոր տարբերակով՝ հայերենով և անգլերենով, և իր նպատակն է այդպիսով հույս ու խաղաղություն փոխանցել հայ ժողովրդին։

«The Voice Kids»-ի ժյուրիի կազմում է ֆրանսահայ հանրահայտ երգիչ Պատրիկ Ֆիորին, որն անմիջապես հասկացավ, որ աղջնակը հայերեն է երգում։

Յուրօրինակ կատարումը հուզեց ներկաներին. ժյուրիի չորս անդամն էլ շրջվեցին։ Ֆիորին հիացած էր, նշեց, որ հիասքանչ ելույթ էր և հետաքրքրվեց, թե որտեղից է երգչուհին, նա էլ պատասխանեց, որ հայկական արմատներ ունի և ցանկանում է ներկայացնել իր ժողովրդին ու մի փոքրիկ հույս հաղորդել իր կատարմամբ:

«Այո, Հայաստանն, ավելի քան երբևէ, ներկայացվելու կարիք ունի. չես պատկերացնի, թե որքան հպարտ եմ»,- հավելեց Պատրիկ Ֆիորին։

Երիտասարդ ֆրանսահայուհուն ժյուրիի բոլոր անդամները գովասանքի խոսքեր ասացին ևառաջարկեցին միանալ իրենց թիմին։ Մադլենը շնորհակալություն հայտնեց բոլորին և որոշեց որպես երաժշտական մարզիչ ընտրել իր հայրենակից Պատրիկ Ֆիորիին։

Մադլենը հաղորդման ժամանակ պատմեց, որ ապրում է երաժիշտների ընտանիքում. իրենք ամեն օր երաժշտությամբ են զբաղվում։

Նշենք, որ Մադլենը Ֆրանսիայում բնակվող երգահան Մարինե Գյուլումյանի դուստրն է, հայրը եւս երաժիշտ է։

  • Կիսվել: