ԱԺ նախագահը կարծում է, որ աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի համերգը պետք է լինի բաց բոլորի համար
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի համերգը պետք է լինի բաց բոլորի համար։ Սիմոնյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։
«Անձամբ կարծում եմ, որ եթե կառավարությունը գումար է հատկացնում նման համերգի համար, այդ համերգը պետք է լինի բաց բոլորի համար։ Ես չգիտեմ, թե կազմակերպիչներն իմ այս կարծիքին ինչպես կվերաբերվեն, բայց, կարծում եմ, որ գալիք համերգը, եթե տեղի ունենա, այն պետք է լինի բաց բոլորի համար»,-ասաց Սիմոնյանը։
Նշենք, որ համերգի կազմակերպիչ Doping Space-ը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Սնուփ Դոգի (Snoop Dogg)՝ սեպտեմբերի 23-ին նախատեսված համերգը հետաձգվել է։ Ընկերությունը նշել է, որ Հայաստանի կառավարությունն իրենց է փոխանցել համերգը հետաձգելու որոշումը։
Հայաստանի կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ (մոտ 6 միլիոն դոլար) հատկացրեց աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։