Զելենսկին ՌԴ Կուրսկի շրջանի վրա հարձակումն անվանել է «ռազմադիվանագիտական մեծ գործողության մաս»
Կուրսկի գործողությունը ռազմադիվանագիտական մեծ գործողության մի մասն է, և այն ամենը, ինչ անում է Ուկրաինան, արվում է միայն այն բանի համար, որ Ռուսաստանին ստիպի պատրաստ լինել արդարացի խաղաղության, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հնդկական լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցում, տեղեկացնում է UNIAN-ը։
Պատասխանելով Ռուսաստանի Դաշնության Կուրսկի շրջանի վրա հարձակման մասին հարցին՝ նա նշել է, որ դա «ռազմաքաղաքական, ռազմադիվանագիտական մեծ գործողության մաս է»։
«Այն ամենը, ինչ անում ենք, արվում է միայն այն նպատակով, որ Ռուսաստանը ստիպված լինի պատրաստվել արդարացի խաղաղությանը։ Կուրսկի գործողությունը նրանց թույլ չտվեց գրավել մեր Սումիի շրջանը և թուլացնել մեր դիրքերը և կրկին ամրապնդել իրենց դիրքերը»,- ասել է Զելենսկին։
Նա հավելել է, որ Ուկրաինայի համար շատ դժվար էր երկար ժամանակ առանց գործընկերների օգնության։
«Եվ մեզ համար շատ դժվար էր նախաձեռնությունը վերցնելը։ Բայց մենք պետք է դա անեինք: Եվ սա այս մտահղացման փուլերից մեկն է։ Եվ դուք դա տեսաք: Դա աշխատեց։ Բայց դա աշխատեց հենց նրա համար, ինչ ասացի: Ես չեմ կարող ամբողջությամբ պատմել ձեզ մեր այս քայլերի բոլոր նպատակները: Երբ ամեն ինչ ավարտվի, եթե հաջողության հասնենք, ակնհայտ կդառնա, թե ինչու և ինչ արեցինք»,- ասել է Ուկրաինայի նախագահը։