Զելենսկին Կանադային օգնություն է առաջարկել անտառային հրդեհների մարման հարցում
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնել Կանադային անտառային հրդեհների մարման հարցում։ Այս մասին Ուկրաինայի նախագահը գրել է տելեգրամի իր ալիքում։
Հիշեցնենք, որ երեկ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն այցելել է Կիև, որտեղ հանդիպել է Զելենսկիի հետ։
«Մասշտաբային անտառային հրդեհներ, վիթխարի կորուստներ, վտանգ մարդկանց համար: Ուկրաինան պատրաստ է օգնել մարել հրդեհները, եթե Կանադան նման միջազգային օգնության կարիք ունենա»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Կանադայում մոլեգնում են անտառային հրդեհները։ Այն տարածվել է երկրի միանգամից մի քանի շրջաններում, մինչև երեքշաբթի ավելի քան 400 հրդեհ է գրանցվել, որոնցից ավելի քան 200-ը դեռ չեն վերահսկվել։
Կանադայի զինված ուժերը ներգրավված են հրդեհի մարման գործում։ Տեղի իշխանությունները հայտարարել են անտառային հրդեհներից տուժածներին օգնելու համար միջոցներ հավաքելու մասին։