ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Զելենսկի. «Աստիճանաբար վերականգնում ենք հոսանքի, ջրի և կապի համակարգերը»

Զելենսկի. «Աստիճանաբար վերականգնում ենք հոսանքի, ջրի և կապի համակարգերը»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անցած գիշեր տեսաուղերձում ասել է, որ ռուսների հրթիռակոծությունների հետևանքով շարքից դուրս եկած հոսանքի, ջրի և կապի համակարգերի աշխատանքն աստիճանաբար վերականգնվում է:

Ռուսական կողմը հոկտեմբերից սկսած թիրախավորում է Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքը, նպատակ ունենալով ձմռան ամիսներին անտանելի պայմաններ ստեղծել բնակչության համար:

«Վերականգնման աշխատանքը շարունակվում է, զօրուգիշեր մենք շարունակում ենք վերականգնել էլեկտրաէներգիայի, ջեռուցման, ջրի մատակարարման և կապի հիմնարկները: 15 շրջաններում դեռ կան ջրի հետ կապված խնդիրներ: Առավել բարդ կացություն է Կիևի, Կիրովհրադի, Դնեպրոպետրովսկի, Լվովի, Պոլտավայի և Խարկովի շրջաններում»,- ասել է Զելենսկին:

Մոսկվան ընդունում է, որ հարվածներ է հասցնում այդ ենթակառուցվածքին և դրանք արդարացնում է Ուկրաինայի պաշտպանունակությունը թուլացնելու և բանակցություններ պարտադրելու նպատակով:

«Շնորհակալ եմ մեր երկրի համար կռվող և աշխատող բոլոր մարդկանց: Մենք միասին ինն ամիս դիմանում ենք այս լայնածավալ պատերազմում, և Ռուսաստանը չի կարողանում կոտրել մեզ և չի էլ կարողանա: Մենք այսպես էլ պետք է շարունակենք լինել միասին և օգնել մեկ-մեկու: Փառք Ուկրաինային»,- գիշերվա տեսաուղերձում ասել է Ուկրաինայի ղեկավարը:

Մայրաքաղաք Կիևում, ըստ քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի, ջերմաստիճանը զրոյից շատ ցածր է, բնակիչների 60 տոկոսը զրկված է էլեկտրաէներգիայից:

  • Կիսվել: