Զանգեզուրի միջանցք չի լինի, ՌԴ ԱԳՆ-ի դիրքորոշումը զարմանք է առաջացնում. Tasnim գործակալություն
Իրանական Tasnim գործակալությունը վերլուծել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ ռուսական Առաջին ալիքին տված հարցազրույցը, որտեղ նա հայտարարել էր. «Մենք կողմ ենք Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք, Հայաստանի ղեկավարությունը խոչընդոտում է Սյունիքում հաղորդակցությունների վերաբերյալ վարչապետ Փաշինյանի ստորագրած համաձայնության կատարմանը»։
Գործակալությունը նշում է, որ ՌԴ ԱԳՆ-ի այդ դիրքորոշումը զլմ-ներում տարբեր մեկնաբանությունների և «Զանգեզուրի միջանցքը» բացելու՝ Ռուսաստանի ցանկության մասին տարբեր ենթադրությունների առիթ է տվել․
«Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաների հետ հանդիպումներում բազմիցս հայտարարել են, որ Թեհրանը դեմ է այդ միջանցքին, որը սահմանների և տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների կհանգեցնի։ Ռուսաստանի այդ դիրքորոշման նկատմամբ զգայունությունն ուժգնացավ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի վերջին հայտարարություններից հետո։ Մասնավորապես, Զախարովան հայտարարել էր. «Զանգեզուրը երթուղի է, որը կարող է Ադրբեջանը Սյունիքի միջոցով կապել Նախիջևանին, և դրա ապաշրջափակումը կքննարկվի եռակողմ բանակցությունների շրջանակներում»։ Պատասխանելով այդ կապակցությամբ Իրանի մտահոգության մասին հարցին՝ Զախարովան հայտարարել էր. «Մենք տեսել ենք իրանական կողմի մտահոգությունը, բայց պարզաբանման համար պետք է դիմեք Թեհրանին։ Այդ հարցով Մոսկվայի դիրքորոշումը հստակ է։ Ելնում ենք նրանից, որ որոշումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ադրբեջանի և տարածաշրջանի հարևանների համար»։
Վերջին քննարկումներից Իրանը դիվանագիտական միջոցներ է ձեռնարկել՝ ռուսական կողմին անհրաժեշտ ուղերձ փոխանցելու համար։ Մասնավորապես, Իրանի ԱԳ նախարարի օգնական Մոջթաբա Դեմիրչիլուն Թեհրանում ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը նշել է ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկրների փոխադարձ շահերի հարգման, Կովկասում տարածաշրջանային համագործակցության հիմքերի և կայուն խաղաղության ապահովման անհրաժեշտությունը»։
Հոդվածում նաև ասվում է, որ ըստ իրազեկ աղբյուրների, ՌԴ-ում Իրանի դեսպանը նույնպես հայտարարել է Թեհրանի բողոքի մասին՝ ընդդեմ ՌԴ արտգործնախարարության դիրքորոշումների։
«Ռուսաստանի իշխանություններին հարկ է հիշեցնել մի քանի կետ.
Նախ՝ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություններ արեց, որոնք հակասում էին Իրանի սպասումներին: Ռուսները մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով և բազմաթիվ առիթներով լավ տեղեկացված են եղել Իրանի հստակ և ճիշտ դիրքորոշման մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է ցանկացած տեսակի միջանցքի, լինի Զանգեզուրը, թե ուրիշը, որը կկապի Նախիջևանն Ադրբեջանին: Ուստի այս դիրքորոշումը անակնկալի բերող և ապշեցնող է:
Իրանն անվտանգության տեսանկյունից չի ընդունում որևէ փոփոխություն իր սահմաններում: Չկա այնպիսի կանոն, ըստ որի՝ Հարավային Կովկասի երկրներից որևէ մեկի անվտանգությունն ու աշխարհաքաղաքական դիրքն առավելություն չունեն մյուսների նկատմամբ: Ուրեմն ինչո՞ւ են մեր ռուս ընկերները կարծում, որ պետք է օգտագործեն «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի հետ իրենց խնդիրները լուծելու համար։ Թվում է, թե ՌԴ ԱԳՆ-ն մոլորության մեջ է և կարծում է, որ իրեն ձեռնտու է լուծել Հայաստանի հետ իր խնդիրը՝ օգտագործելով երևակայական «Զանգեզուրի միջանցքը», որը, իհարկե, չի ստեղծվի Իրանի հակազդեցության շնորհիվ: «Զանգեզուրի միջանցքի» բացումը նշանակում է դեպի Եվրոպա Իրանի դարպասներից մեկի փակում և Իրանի Իսլամական Հանրապետության հարևանների թիվը 15-ից 14-ի կրճատում։
Հաշվի առնելով «ռազմավարական հարաբերությունների» հայեցակարգը, որին ձգտում են Իրանը և Ռուսաստանը, նման մարտավարական քայլերի ձեռնարկումը հակասում է ռազմավարական հարաբերությունների սկզբունքներին... Եթե որևէ երկիր կարծում է, որ կարող է իր խնդիրները լուծել իր սահմաններից դուրս՝ ուրիշների հաշվին բացելով հակամարտությունների նոր ճակատ, ապա աշխարհում ոչ մի տեղ ապահով չի լինի, և աշխարհը կհայտնվի մշտական քաոսի մեջ», - նշվում է հոդվածում: