շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ըստ Լավրովի՝ Արևմուտքն ակտիվորեն աշխատում է տապալել «3+3» ձևաչափը Հարավային Կովկասում

Ըստ Լավրովի՝ Արևմուտքն ակտիվորեն աշխատում է տապալել «3+3» ձևաչափը Հարավային Կովկասում

Արևմուտքն ակտիվորեն աշխատում է Հարավային Կովկասում ՛՛3+3՛՛ ձևաչափը տապալելու ուղղությամբ։ Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Նա նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի և այլ երկրների հետ տարածաշրջանում առաջ է տանում այդ ձևաչափը։ Վրացական կողմը դեռ մտածում է միանալու մասին, և Թբիլիսիի համար դռները բաց են, չնայած նախորդ առաջին հանդիպմանը։ 

՛՛Արևմուտքն արդեն ակտիվ աշխատում է այս կառույցը քայքայելու ուղղությամբ, որը նոր է սկսել ծավալվել։ Արևմուտքը փորձում է հարավկովկասյան երեք հանրապետություններին պարտադրել ԵՄ–ի և ԱՄՆ–ի ծառայությունները։ Այդպիսով նա ներկայացնում է իր հավակնությունները` պնդել սեփական գերիշխանությունն ամենուր, իր սահմաններից հեռու` ուղղակիորեն ոտնահարելով Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի երեք ամենամոտ հարևանների օրինական շահերը՛՛,-ասել է Լավրովը՝ հավելելով, որ նկատի ունի Թուրքիային, Իրանին և Ռուսաստանին:

Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական այս մտահղացումներին զուգահեռ՝ Արևմուտքին ֆինանսապես աջակցում են տարբեր ՀԿ–ներ, որոնք զբաղվում են միջոցառումներով, նոր ՛՛գունավոր հեղափոխության՛՛ նախապատրաստմամբ։ Այդ բոլոր ՀԿ–ները, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, հայտնի են։

՛՛Նրանք հրապարակավ պաշտպանում են Արևմուտքի շահերը` փորձելով վարկաբեկել Ռուսաստանի և Իրանի գործողությունները։ Ուստի Հարավային Կովկասի շուրջ երկխոսության զարգացման, ինչպես նաև միջազգային, տարածաշրջանային օրակարգի այլ հարցերի մեծ մասի ոչ մի հնարավորություն և անհրաժեշտություն չեմ տեսնում՛՛,–ասել է նա:

  • Կիսվել: