Wildberries-ն ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների ֆոնին պահեստային տարածքներ է փնտրում Ղազախստանում
Wildberries-ի RWB մայր ընկերությունը սկսել է Ղազախստանում վարձակալության համար պահեստային տարածքներ փնտրել: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Նշվում է, որ ըստ որոշ աղբյուրների՝ ընկերությունը փնտրում է 100,000 քառակուսի մետր տարածք, իսկ այլ աղբյուրներ նշում են, որ, հաշվի առնելով սահմանափակ առաջարկը, ընկերությունը պատրաստ է վարձակալել Ղազախստանում հասանելի բոլոր պահեստները։
Աղբյուրները բացատրում են, որ մարկետփլեյսը ցանկանում է պաշտպանել իր որոշ օբյեկտներ անօդաչու թռչող սարքերի հարվածներից։
RWB-ն հայտնել է, որ ընկերությունն արդեն երկու խոշոր կենտրոն է կառուցում Ղազախստանում։
Հիշեցնենք, որ Wildberries-ի լոգիստիկ կենտրոնների և պահեստների վրա ուկրաինական հարձակումների շարքը սկսվել է հուլիսի 18-ին: Այդ ժամանակից ի վեր հարվածները թիրախավորել են Ռուսաստանի տարբեր շրջաններում գտնվող տասը օբյեկտներ, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայի մարզում, Տամբովի և Վորոնեժի մարզերում, ինչպես նաև Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարվածներն անվանել է ուկրաինական զինված ուժերի օրինական թիրախ, քանի որ այդտեղ, նրա պնդմամբ, ռազմական օգտագործման համար նախատեսված ապրանքներ են պահվում։



