հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Վրաստանը հրաժարվում է միանալ Ռուսաստանի դեմ «պատերազմին»

Վրաստանը հրաժարվում է միանալ Ռուսաստանի դեմ «պատերազմին»

Վրաստանի իշխանությունները հրաժարվում են միանալ Ռուսաստանի դեմ «պատերազմին»։ Այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա ընդգծել է, որ Վրաստանում «երկրորդ ճակատ չի լինի»՝ հավելելով, որ հանրապետությունը չի միանում ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին։ Բացի այդ, Կալաձեն նշել է, որ երկրում ողջունում են ռուս զբոսաշրջիկների ժամանումը:

Նա նաև մեկնաբանել է Թբիլիսիում նկատված ռուսական պետհամարանիշներով «ԿամԱԶ»-ների մասին տեղեկատվությունը, որոնք իբր մասնակցել են Պյոտր Մելիքիշվիլիի պողոտայի վերանորոգման աշխատանքներին:

Քաղաքական գործիչը հայտարարել է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը՝ ասելով, որ ընդհանուր առմամբ, դեմ չէ քաղաքում ռուսական համարանիշներով մեքենաների տեղաշարժին:

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Վրաստանը պատերազմ չի սկսում, չի միանում պատերազմին, եւ Վրաստանում (Ուկրաինայում պատերազմների համար) երկրորդ ճակատ չի լինելու։ Վրաստանը նաեւ չի միանում պատժամիջոցներին։ Մենք ողջունում ենք զբոսաշրջիկների հոսքը, ես որեւէ խնդիր չեմ տեսնում»,- ասել է Կալաձեն, փոխանցում է «Նովոստի-Գրուզիա»-ն:

Միեւնույն ժամանակ, Կալաձեն ընդգծել է, որ եթե Ուկրաինա ներխուժելու համար Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցների ենթարկված անձինք կամ ընկերությունները փորձում են նպաստել օպերացիաներին Վրաստանում, ապա դրան «պատշաճ արձագանք» կհետեւի երկրի օրենսդրության եւ սահմանադրության շրջանակներում։ 

  • Կիսվել: