կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Վրաստանի համար վիրավորական է Սաակաշվիլիին վերադարձնելու Ուկրաինայի պահանջը. Կոբախիձե

Վրաստանի համար վիրավորական է Սաակաշվիլիին վերադարձնելու Ուկրաինայի պահանջը. Կոբախիձե

Ուկրաինական իշխանությունների պահանջը՝ հանձնել հայրենիքում պատիժ կրող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, վրացական կողմի համար վիրավորական է։ Այս մասին լրագրողներին հետ զրույցում ասել է իշխող ՛՛Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան՛՛ կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

՛՛Ինչ վերաբերում է Ուկրաինայի նախագահի երեկվա քայլին, որ կապված էր Միխեիլ Սաակաշվիլիի հետ, ապա ես չեմ ուզում խորանալ այս թեմայի մեջ այն պարզ պատճառով, որ դա վերաբերում է պատերազմող երկրի նախագահին։ Ընդհանուր առմամբ, (խմբ․՝ ուկրաինական) իշխանությունների դիրքորոշումը, իհարկե, վիրավորական է՛՛, -ասել է նա։

Կոբախիձեի խոսքով՝ ուկրաինացի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ ներգրավված են եղել 2021 թ․-ին Սաակաշվիլիին Վրաստան տեղափոխելու մեջ, և երբ երկրի նույն ղեկավարությունը պահանջում է նրա վերադարձը, դա վիրավորական է։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ երկրի ԱԳՆ-ին հանձնարարել էր զանգահարել Վրաստանի դեսպանին և հրահանգել նրան 48 ժամվա ընթացքում հեռանալ երկրից՝ Սաակաշվիլիի հարցով խորհրդակցությունների համար։ Նա կրկին Թբիլիսիին կոչ է արել Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող Միխեիլ Սաակաշվիլիին բուժման նպատակով տեղափոխել Կիև։ Զելենսկիի խոսքով՝ Ուկրաինայի գործընկերները պետք է պաշտպանեն Սաակաշվիլիին՝ նրան փրկելու համար։

Վրաստանի նախկին նախագահը գաղտնի ժամանել էր Վրաստան 2021 թ․ հոկտեմբերին կայանալիք մունիցիպալ ընտրությունների նախորդ օրը, որից հետո նրան ձերբակալել էին և տեղափոխել Ռուսթավի քաղաքի բանտ։ Նա մեղադրվում է մի շարք քրեական հանցագործությունների մեջ։ 2022 թ․ մայիսին, առողջական վատթարացման պատճառով, նրան տեղափոխել են Թբիլիսիի ՛՛Վիվամեդ՛՛ մասնավոր կլինիկա, որտեղ նա մնում է մինչ օրս։

  • Կիսվել: