երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Վրաստանում նոր խորհրդարանի աշխատանքի մեկնարկի ամսաթիվը որոշել են առանց նախագահի մասնակցության

Վրաստանում նոր խորհրդարանի աշխատանքի մեկնարկի ամսաթիվը որոշել են առանց նախագահի մասնակցության

Վրաստանի խորհրդարանի խոսնակի պաշտոնակատար Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ նոյեմբերի 25-ին կանցկացվի տասնմեկերորդ գումարման առաջին նիստը: Նա նաև հայտնել է պատգամավորների առաջիկա շաբաթվա օրակարգը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»  գործակալությունը:

«Քանի որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի նշանակում խորհրդարանի նիստը, որտեղ կճանաչվեն նրա լիազորությունները, Սահմանադրության համաձայն՝ առաջին նիստը պետք է տեղի ունենա ոչ ուշ, քան ԿԸՀ-ի կողմից խորհրդարանական ընտրությունների արդյունքների հրապարակումից տասն օր անց։ Մենք հետևում ենք Սահմանադրության պահանջներին և առաջին նիստը կանցկացնենք նոյեմբերի 25-ին», - ճեպազրույցում ասել է նա։

Նա հայտնել է, որ այս նիստում կստեղծվեն խորհրդարանական հանձնաժողովներ և կընտրվեն դրանց նախագահները։ Կկայանա նաև խորհրդարանի նախագահի ընտրությունը, որի պաշտոնում իշխող կուսակցությունն առաջադրել է Պապուաշվիլիի թեկնածությունը։

«Առաջիկա խորհրդարանական շաբաթվա ընթացքում կհաստատվի վարչապետի պաշտոնի համար Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը, որը կներկայացնի կառավարության նոր կազմը: Այնպես որ, շաբաթվա վերջում մենք կունենանք հաստատված կառավարություն», - ասել է Պապուաշվիլին։

150-տեղանոց խորհրդարան անցած ընդդիմադիր չորս կուսակցությունների 61 պատգամավորները հրաժարվում են մանդատներից՝ հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունները համարելով իշխող կուսակցության կողմից կեղծված, և պահանջում են նոր ընտրություններ նշանակել։

Ընդդիմադիրները հայտարարել են նոյեմբերի 25-ին խորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ակցիայի մասին և սպառնել են խափանել բարձրագույն օրենսդիր մարմնի առաջին նիստը։

 

  • Կիսվել: