Վրաստանում հայտնաբերվել են թուրքական կործանված ռազմական ինքնաթիռի անձնակազմի բոլոր 20 զոհված անդամների մարմինները
Սիղնաղի մունիցիպալիտետում և հարակից տարածքում՝ թուրքական ռազմական ինքնաթիռի կործանման վայրում և ինքնաթիռի շրջակայքում, Վրաստանի և Թուրքիայի համապատասխան ծառայությունների կողմից երեք օր տևած անդադար որոնողական գործողություններից հետո հայտնաբերվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 20 անձանց մարմինները, տեղեկացնում է Գրուզիա Օնլայնը։
Նշվում է, որ Վրաստանի ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն ասել է. «Գտնվել են անձնակազմի բոլոր 20 անդամների մարմինները։ Երեկ 19 մարմին տեղափոխվել է դիահերձարան։ Մոտ կես ժամ առաջ գտնվել է նաև 20-րդ մարմինը։ Տեղում շարունակում են աշխատել դատաբժշկական փորձագետները և քննչական խումբը։ Քննության համար նշանակություն ունեցող բոլոր տեխնիկական միջոցներն ու ինքնաթիռի բեկորները զննվել են, փորձաքննությունները շարունակվում են։ Քննչական և փրկարարական միջոցառումներին մասնակցել են ավելի քան 1000 մարդ, ինչպես վրացական, այնպես էլ թուրքական կողմերի ներկայացուցիչներ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումներին, Պաշտպանության ուժերի ներկայացուցիչներին և թուրքական կողմին՝ կատարված աշխատանքի համար»:
Հիշեցնենք՝ թուրքական ռազմական ինքնաթիռը կործանվել է նոյեմբերի 11-ին, Վրաստանի պետական սահմանից մոտավորապես հինգ կիլոմետր հեռավորության վրա։


