Վրաստանում Գերմանիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը կանչվել է Վրաստանի Արտաքին գործերի նախարարություն՝ Վիեննայի կոնվենցիայի սկզբունքները խախտելու համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ առանց ներկայացնելու մանրամասները, տեղեկացնում է TV Pirveli հեռուստաընկերությունը:
Նշվում է, որ Ֆիշերը հայտնի է Վրաստանի իշխանություններին իր բացահայտ քննադատությամբ: Լրագրողների հետ զրույցում դեսպանը Վրաստանի կառավարության պաշտոնյաների կողմից իր և մյուս դիվանագետների դեմ ուղղված մեղադրանքներն անվանել է անարդար և սադրիչ։
Ֆիշերը նախկինում բազմիցս քննադատել է իշխող «Վրացական երազանք - Դեմոկրատական Վրաստան» կուսակցության գործողությունները՝ դրանք անվանելով հակաեվրոպական։ Վրաստանի ղեկավարությունը, իր հերթին, պարբերաբար քննադատում է Ֆիշերին և մի քանի այլ եվրոպացի դեսպանի՝ երկրում ցուցարարներին աջակցելու համար և մեղադրում է նրանց արմատականությունը խրախուսելու համար։
Գերմանիայի դեսպանի լիազորությունների ժամկետը լրանում է 2026 թվականի հունիսին, որից հետո նա ստիպված կլինի լքել Վրաստանը։


