կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վրաստանի վարչապետը հրաժարական տվեց

Վրաստանի վարչապետը հրաժարական տվեց

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել։ Այդ մասին նա հայտարարել է ուղիղ եթերում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրակլի Ղարիբաշվիլիին կփոխարինի «Վրացական երազանք - Դեմոկրատական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։
 
«Այսօր ես լքում եմ վարչապետի պաշտոնը»,- ասել է Ղարիբաշվիլին։
 
Նա հիշեցրել է, որ երկու անգամ եղել է վարչապետ և պաշտոնավարել ընդհանուր առմամբ հինգ տարի։ Ղարիբաշվիլին ընդգծել է, որ քաղաքական թիմի հզորության հիմնական գործոնը ներքին ժողովրդավարությունն է, որի ամենացայտուն դրսևորումը ռոտացիայի սկզբունքն է։
 
Նա նշել է, որ թիմն ունի բազմաթիվ հաջողակ առաջնորդներ, և կարևոր է հնարավորություն տալ մյուսներին։
 
Ղարիբաշվիլին պարզաբանել է, որ երկիրը կանգնած է նոր մարտահրավերների առաջ, աշնանը տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, և «Վրացական երազանքը» պետք է պատրաստվի ընտրություններում վստահ հաղթանակ տանելուն։
 
«Ես ընդունել եմ «Վրացական երազանք» կուսակցության նախագահի պաշտոնը ստանձնելու` քաղխորհրդի առաջարկը, որի մասին որոշում կկայացվի փետրվարի 1-ին»,- ասաց նա։
Հիշեցնենք` Ղարիբաշվիլիին Վրաստանի վարչապետի պաշտոնը ստանձնել է 2021 թվականի փետրվարի 22-ին։ Նա Վրաստանի վարչապետ է եղել նաև 2013—2015 թվականներին։
 

 
 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: