Հայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրրջանառության ծավալը գերազանցել է 1 միլիարդ դոլարի շեմը․ Ղարիբաշվիլի
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ամփոփել է Հայաստան-Վրաստան տնտեսական համագործակցության միջկառավարական նիստի արդյունքները։ Նիստից հետո մամուլի համար հայտարարության ժամանակ Վրաստանի վարչապետը հայտնել է, որ նիստին քննարկվել են տարբեր ուղղություններով երկու երկրների համագործակցության հետ առնչվող հարցեր։
«Մենք ունեցանք տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ, որտեղ կարևոր հարցեր քննարկեցինք, որոնք վերաբերում էին առևտրային հարաբերություններին։ Պետք է նշել, որ մեր երկրների միջև առևտրային հարաբերությունները զարգանում են՝ առևտրաշրջանառության ծավալը գերազանցել է 1 միլիարդ դոլարի շեմը։ Հայաստանը Վրաստանի համար առևտրային երրորդ գործընկերն է և երկրորդ ներդրումային երկիրը, ինչը մեզ համար ողջունելի է։ Անցած տարի Հայաստանից գրեթե մեկ միլիոն զբոսաշրջիկ ենք ունեցել, ինչը մեր երկրի տնտեսական զարգացման համար կարևոր է»,- ասել է Ղարիբաշվիլին։
Նրա խոսքով՝ երկու երկրները ոչ միայն հարևաններ են, այլ պատմականորեն շատ ուժեղ դաշնակիցներ և ընկերներ են։
«Երկու երկրների կառավարությունները կոչված են էլ ավելի խորացնելու մեր առևտրատնտեսական հարաբերությունները»,- նշել է Վրաստանի վարչապետը։