հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վրաստանի վարչապետը հանդիպել է Թուրքիայի դեսպանին

Վրաստանի վարչապետը հանդիպել է Թուրքիայի դեսպանին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանին։ Տեղեկությունը տարածում է վարչապետի աշխատակազմը, տեղեկացնում է aliq.ge-ն:

Նշվում է, որ դեսպանի հրաժեշտի հանդիպմանը քննարկվել են երկու երկրների բարիդրացիական հարաբերությունների և ռազմավարական գործընկերության հետագա զարգացման հարցեր։

«Կողմերը կենտրոնացել են տարածաշրջանում տիրող իրավիճակի, խաղաղությանն ու կայունությանն աջակցելու անհրաժեշտության վրա։

Ընդգծվել է, որ խաղաղությունն ու կայունությունը մնում են տարածաշրջանի զարգացման և երկարաժամկետ բարգավաճման նախապայման»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը քննարկվել է նաև Ղարիբաշվիլիի նախաձեռնած «Հարավային Կովկասում խաղաղ հարևանության նախաձեռնությունը»։

Նշվել է, որ Վրաստանը մշտապես հանդես է եկել Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության և համակեցության օգտին և պատրաստ է նպաստել տարածաշրջանային երկխոսությանը.

«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների տնտեսական համագործակցության հարցերը։ Նշվել է, որ առկա տարածաշրջանային նախագծերը Վրաստանի և Թուրքիայի միջև արդյունավետ ռազմավարական համագործակցության և վստահելի գործընկերության վառ օրինակ են»։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել թուրք դիվանագետին Թուրքիայի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված ջանքերի համար և հաջողություններ մաղթել հետագա մասնագիտական ​​գործունեության մեջ։

  • Կիսվել: