Հրահրում են ժողովրդին, որ գնացեք, ճանապարհ փակեք, բայց չենք ցանկանում նման քայլերի գնալ, եկել ենք աշխատելու. «Մուլտի սթոուն»-ի աշխատակից
Ժողովրդի համար իրոք խնդիր է: Պետությունը պե՞տք է վճարի այդ վնասների համար, ես դա չեմ հասկանում: Մարդիկ մեծ վնասներ են կրում, իրենց ընտանիքի անդամներն էլ հետը։ Այս մասին բողոքի ակցիայի ժամանակ ասել է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցը:
Քաղաքացին նշել է, որ գուցե գնան, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին կամ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին դիմեն:
Նա ընդգծել է, որ իրենց հարցերին պետք է հստակ պատասխաններ տրվեն, քանի որ մարդիկ կան՝ վարկեր ունեն, եթե երկար է տևելու այս վիճակը, բանկում պետք է դիմումներ գրեն, կոմունալ վճարների հարցերը լուծեն, մտածեն՝ ինչպես են երեխաների առօրյա և դպրոցական կարիքները հոգալու:
«Կառավարության որոշումն է, բայց եթե խելամիտ մարդիկ են նստած, պետք է որոշեն, որ այս մարդիկ իրոք ճգնաժամի մեջ են, պետք է փոխհատուցել: Եթե մեկը մյուսի համար ինչ-որ որոշում է կայացնում, պարտավոր է, չէ՞, այդ մարդու հարցերը հոգա։
Հրահրում են ժողովրդին, որ գնացեք, ճանապարհ փակեք: Իրենք են հրահրում, մենք էլ չենք ցանկանում նման քայլերի գնալ։ Այդ ակցիաների համար չեն այս մարդիկ եկել, մարդիկ եկել են աշխատելու համար։
Ես կոչ եմ անում Կառավարությանը՝ եթե դուք փակել եք, որոշում եք կայացրել, բերեք այս մարդկանց հարցերը լուծեք, դուք պարտավոր եք մարդկանց վճարել, մենք չենք մեղավոր այս արտադրությանը փակվելու համար, մենք աշխատող մարդիկ ենք»,-նշել է «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք՝ բողոքի ակցիա է ընթանում նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի տաբակ»-ի դիմաց: Հավաքվածները պահանջում են վերաբացել գործարանը:



