երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վրաստանի ՆԳՆ-ն Բաթումիի ափերի մոտ տեղի ունեցած արտակարգ դեպքի հետաքննություն է անցկացնում

Վրաստանի ՆԳՆ-ն Բաթումիի ափերի մոտ տեղի ունեցած արտակարգ դեպքի հետաքննություն է անցկացնում

Վրաստանի ՆԳՆ-ն առգրավել է պայթուցիկ սարքի մնացորդներ, ուժեղացրել է անվտանգության միջոցառումները երկրի տարածքային ջրերում և մի շարք հետախուզական միջոցառումներ է անցկացնում երկուշաբթի օրը Բաթումի քաղաքի ափամերձ հատվածում տեղի ունեցած պայթյունից հետո։

Երկուշաբթի ավելի վաղ «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Բաթումիի ծովափին, ենթադրաբար, ծովային ական է պայթել, որը բերվել է հոսանքով։ Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել այն հոդվածով, որը ենթադրում է պատիժ՝ սպանելու կամ ծանր մարմնական վնասվածք պատճառելու նպատակով պայթուցիկ գործի դնելու համար։ Միաժամանակ, նախարարությունը դեռ չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ է պայթել ծովում։

«Քննության շրջանակում իրականացվել են ականազերծման աշխատանքներ, առգրավվել են պայթուցիկ սարքի մնացորդները, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ Քաղաքաբնակների նկարահանած կադրերը, որոնք պատկերում են այս փաստը, առգրավվել և ուսումնասիրվել են։ Ոստիկանությունն արդեն հարցաքննել է ականատեսներին»,- ասված է հայտարարության մեջ։

Նախարարությունը նշում է, որ սահմանային ոստիկանության առափնյա պահպանության վարչության աշխատակիցներն աստիճանաբար ստուգում են սևծովյան Բաթումի և Փոթի քաղաքների ջրերը, ինչպես նաև վերահսկում են Անակլիայից մինչև Սարփի առափնյա գիծը։ Պարբերաբար մշտադիտարկում է իրականացվում նաև հատուկ անօդաչու թռչող սարքերի միջոցով, ափի երկայնքով կտեղադրվեն հատուկ պատնեշներ։

«Նախարարության համապատասխան ստորաբաժանումները հատուկ տեխնիկայի օգնությամբ կհետևեն առափնյա գծի պաշտպանությանը, անվտանգության համապատասխան միջոցառումներ կիրականացնեն Վրաստանի տարածքային ջրերում: Բացի դրանից, տեղեկատվական հանդիպումներ կանցկացվեն տեղի ձկնորսների, նավագնացությամբ զբաղվող կազմակերպությունների, տրանսպորտային գործունեություն իրականացնողների ու տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների հետ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Գործակալությունն ընդգծում է, որ տարածաշրջանում տիրող իրավիճակի պատճառով վերջերս նմանատիպ փաստեր են նկատվել նաև Սև ծովի մերձակայքում գտնվող այլ նահանգներում։

Վրաստանի ՆԳՆ-ն նաև հայտնում է, որ Թուրքիայից և Բուլղարիայից նախկինում տեղեկություն է ստացել Սև ծովի ավազանի երկրների՝ Թուրքիայի, Ռումինիայի, Բուլղարիայի և Ուկրաինայի ջրերում ականների հայտնաբերման մասին։ Նախարարությանը հայտնել են նաև, որ փոթորկի դեպքում ականները կարող են ընկնել Վրաստանի տարածքային ջրերը։

 

  • Կիսվել: